Վերջին 10 տարում ՀՀ–ում համացանցից օգտվողների թիվը ավելացել է 55%-ով. Սամվել Մարտիրոսյան

11:55 • 18.01.16

Աշխարհի բնակչության շուրջ կեսը չի օգտվում համացանցից, իսկ Հայաստանում՝ բնակչության մոտ 40%-ը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում համացանցից չօգտվողների թիվն արագ կրճատվում է։

 

«Ողջ աշխարհում ծրագրեր են իրականացվում, որոնք ապագայում թույլ կտան փոքրացնել ինտերնետից չօգտվողների թիվը։ Հայաստանում ցանցից օգտվողների թիվը հասել է 60%-ի, բայց հաշվարկված է 14 և բարձր տարիքի մարդկանց շրջանում, եթե երեխաներին գումարենք, ապա տոկոսը կաճի, հաստատ նրանք ավելի են օգտվում։ Կարող ենք ասել, որ մեր բնակչության 2/3-ն է ցանցից օգտվում»,- ասաց նա։
 

Ինչ վերաբերում է զարգացած երկրներին, ապա Սամվել մարտիրոսյանը տեղեկացրեց, որ համացանցից օգտվում են բնակչության 80%-ից ավելին, անգամ 90%-ից ավելին։

 

«Մեզ մոտ վերջին մի քանի տարիներին իրականում աճեց ցուցանիշը, դեռ 2010–ին բնակչության 5%-ն էր օգտվում, քանի որ չափազանց թանկ էր կաբելային ինտերնետը, իսկ համացանցից օգտվելու մյուս տարբերակը dial-up -ն էր, որը շատ դանդաղ էր։ 2010-ին կտրուկ փոփոխություն եղավ Հայաստանում համացանցից օգտվելու առումով»,-ասաց նա։  
 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ նպատակով են օգտվում համացանցից մարդիկ, մեդիա փորձագետը նշեց, որ ի տարբերություն հայ հասարակության, եվրոպացիները միայն սոցիալական ցանցերի համար չեն օգտվում։

 

«Ինտերնետը նրանց համար ծառայում է որպես պետության հետ շփվելու միջոց, բոլոր պետական գործառույթները իրականացվում են ինտերնետով։ Օրինակ, Էստոնիայում ցանցը հանդիսանում է միակ միջոցը հարկերն ու տուրքերը վճարելու, բնակչությանը ինտերնետը պետք է նաև որպես գործիք։ Հայաստանում, իհարկե, լավ է, որ ինտերնետ կա, բայց դա դեռևս կենսական պահանջ չէ, որովհետև առանց դրա էլ կարող ես ապրել Հայաստանում։ Հայաստանում համացանցից այնպիսի մեծ բարիք չես ստանում, ինչպես եվրոպական երկրներում»,-ասաց նա։


 

Վերջին 10 տարում ՀՀ–ում համացանցից օգտվողների թիվը ավելացել է 55%-ով. Սամվել Մարտիրոսյան