Տեխնոլոգիական զարգացման հետևանքով առաջիկա 5 տարում 7 մլն մարդ կարող է զրկվել աշխատանքից. WEF
«Համաշխարհային տնտեսական ֆորում» (World Economic Forum) ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է նոր զեկույց, որի համաձայն առաջիկա 5 տարվա ընթացքում աշխարհի խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրներում մոտ 7 մլն մարդ հայտնվելու է աշխատանքը կորցնելու վտանգի տակ, ինչը պայմանավորված է տեխնոլոգիական աննախադեպ առաջընթացով:
Ինչպես նշում է The Guardian-ը, փաստաթղթի հեղինակները կանխատեսել են, որ առաջիկա 5 տարում գերժամանակակից ռոբոտներն ու եռաչափ տպագրության` օրեցօր բարգավաճող բնագավառն ամբողջությամբ ձևափոխելու են զարգացած պետությունների աշխատաշուկան։
Մասնագետների բնորոշմամբ՝ տեղի է ունենալու այսպես կոչված «4-րդ արդյունաբերական հեղափոխություն», որի հետևանքով առավել շատ տուժելու են կին աշխատողները: Զեկույցի հեղինակների կարծիքով՝ առավել շատ աշխատատեղերից կզրկվեն առողջապահության ոլորտի ներկայացուցիչները։










