Բժիշկները հայտնել են գլխի փոխպատվաստման առաջին վիրահատությունը կատարելու պատրաստակամության մասին

13:55 • 20.01.16

Վիրաբույժների միջազգային թիմը բարեհաջող ավարտել է նախնական փորձարկումների փուլն ու պատրաստակամություն հայտնել մարդու գլխի փոխպատվաստման վիրահատություն իրականացնել:

 

Ինչպես նշում է vz.ru-ն, այդ մասին հայտնել են իտալացի Սերջիո Կանավերոն և նրա չինացի գործընկեր Ժեն Սյաոտինը: Վերջիններս պատրաստ են վիրահատել ռուս ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովին, ով տառապում է  հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ։ Դրա հետևանքով տղամարդը տարեցտարի ավելի է դժվարանում սեփական մարմինը կառավարելու հարցում։

 

Սպիրիդոնովի վիճակն այնքան բարդ է, որ նա համաձայն է գլխի փոխպատվաստման վիրահատությանը` գիտակցելով դրա մահացու վտանգը:

 

Մասնագետները մանրամասնել են, որ կենդանիների վրա անցկացված փորձարկումները շատ հաջող են անցել ու տվել են սպասված արդյունքները: Նրանք հավելել են, որ կրկնակի փորձարկումների կարիք չկա:

 

Նրանց խոսքերով՝ վիրահատությունը, որն իրականացվելու է Ռուսաստանում, իսկական հեղափոխություն է լինելու բժշկության ոլորտում: Մասնագետների համաձայն՝ այս վիրահատությունը կարժենա 20 մլն դոլար:

 

Կանավերոն մանրամասնել է, որ բարդ վիրահատությունը, որը կտևի 36 ժամ,  իրականացվելու է ռուս բժիշկների հետ համատեղ: Իտալացու խոսքով, որպեսզի այդ ընթացքում հյուսվածքները չքայքայվեն, հիվանդի գլուխն ու մարմինը սառեցվելու են։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ այս վիրահատությանը դեմ է հանդես եկել քրիստոնեական եկեղեցին։
 

Բժիշկները հայտնել են գլխի փոխպատվաստման առաջին վիրահատությունը կատարելու պատրաստակամության մասին