Սոցցանցերում գովազդվում է խոզի գրիպի դեմ դեղամիջոց, որի ներդիր թերթիկում այդ մասին ոչինչ չի նշվում
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վերջին օրերին լայնորեն գովազդվում է «Ինֆլյուցիդ» դեղամիջոցը՝ որպես՝ «ապացուցված ազդեցություն H1N1 վիրուսի (խոզի գրիպ) վրա , մինչդեռ դրա երաշխավորված տարբերակի կից ներդիր-թերթիկից տեղեկանում ենք, որ այն ցուցված է վերին շնչառական ուղիների վիրուսային սուր ինֆեկցիաների և գրիպի դեմ:
Գովազդում նաև հավելվում է. «Արդյունավետ կանխարգելում և բուժում ամբողջ ընտանիքի համար: Հարցրեք դեղատներում...»:
Tert.am -ը հարցի առնչությամբ, թե արդյո՞ք սա խաբեություն չէ, զրուցեց ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանի հետ, ով, սակայն, ասաց. «Չի նշում՝ խոզի գրիպի դեմ է, գրում է գրիպանման. ինքը հոմեպատիկ պրեպարատ է, գերմանական, գրիպի ժամանակ ցուցված է որպես հակավիրուսային, հակաբակտերիալ ազդեցությամբ օժտված դեղ»:
Այսինքն` յուրաքանչյուր թերապևտ սովորական գրիպի դեմ իր հայեցողությամբ կարող է նշանակել այս պրեպարատը:
Տեղեկացնենք, որ գովազդներից մեկում, որի լուսանկարը պահպանված է, նշվում է, որ խոզի գրիպի դեմ է։
Տեղեկանալով, որ սոցցանցերի գովազդներում դա գովազդվում է որպես խոզի գրիպի դեմ դեղամիջոց, Հակոբ Թոփչյանը նկատեց` «Դե ինչ անեմ, սոցցանցերում ինչ ասես գրում են»:










