Google-ն Apple-ին 1 միլիարդ դոլար է վճարել՝ iOS-ում իր որոնման համակարգի օգտագործման համար

14:00 • 22.01.16

Google ընկերությունն Apple Inc.-ին 1 մլրդ դոլար է վճարել iOS համակարգում իր որոնման համակարգի առաջնային օգտագործման համար։ Այդ մասին հայտնի է դարձել Google-ի դեմ Oracle Corp.-ի հայցով հեղինակային իրավունքների պաշտպանության մասին դատաքննության արձանագրությունից, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Google-ն Apple-ին տոկոս է տրամադրել iOS համակարգի սարքերի հաշվին ստացած եկամտից։

 

Google-ի փաստաբանը դեմ է եղել կորպորատիվ տեղեկատվության հրապարակմանը և պահանջել է ջնջել արձանագրությունից ընկերությունների միջև ֆինանսական գործարքների մասին տեղեկությունների վերաբերյալ գրառումները, բայց դատավորը մերժել է նրա այդ պահանջը։

 

Լուրերն այն մասին, որ կորպորացիաների միջև կան որոշակի ֆինանսական համաձայնություններ, շրջանառվում էին երկար տարիներ, բայց դրանք երբեք չէին հաստատվում:

 

Ընկերությունների մամուլի քարտուղարները հրաժարվել են մեկնաբանել դատաքննության ընթացքում բացահայտված տեղեկատվությունը:

 

«Google և Apple ընկերությունների միջև ֆինանսական համաձայնությունները շատ կարևոր են երկու ընկերությունների համար էլ, և այդ պատճառով մենք չենք բացահայտում մեր գործարքների մանրամասները»,- ասել է Google-ի ներկայացուցիչը։

 

Google-ն Apple-ին 1 միլիարդ դոլար է վճարել՝ iOS-ում իր որոնման համակարգի օգտագործման համար