Google-ը 185 մլն դոլար կվճարի բրիտանական կառավարությանը` որպես 10 տարվա հարկ
Google ընկերությունը և բրիտանական կառավարությունը համաձայնության են հասել վեճի շրջանակում, որը կապված էր խոշոր գումարի հետ` որպես ամերիկյան ընկերության կողմից չտրված հարկ։ Ուրբաթ երեկոյան տարածված պաշտոնական հաղորդագրությունում խոսքը 185 մլն դոլարի մասին է, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նշվում է, որ տվյալ գումարի տակ հասկացվում են հարկերը, որոնք Google-ը պետք է վճարեր բրիտանական գանձարանին սկսած 2005-ից:
Ընկերությունում արդեն հայտնել են, որ համապատասխան նախարարության հետ համաձայնեցրել են հարկման «նոր մոտեցումը», որն այսուհետ կիրականացվի` ելնելով Մեծ Բրիտանիայում համացանցային հսկայի բիզնեսի իրական չափերից և ծավալներից:
Հարկ է նշել, որ ներկայիս ճգնաժամային պայմաններում, երբ կառավարությունն անցկացնում է ծախսերի կրճատման խիստ քաղաքականություն՝ բալանսավորված բյուջեի հասնելու համար, հարկահավաքության խնդիրը շատ սուր է դրված երկրում։










