Մեծ Բրիտանիայի կառավարությունը և Բիլ Գեյթսն ավելի քան 4,5 մլրդ դոլար կհատկացնեն մալարիայի դեմ պայքարին

10:28 • 25.01.16

Մեծ Բրիտանիայի կառավարությունը և Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամն առաջիկա 5 տարիներին ավելի քան 4,5 միլիարդ դոլար կտրամադրեն մալարիայի դեմ պայքարի համար։ Այդ մասին Microsoft ընկերության հիմնադրի և Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի համատեղ հայտարարությունը հրապարակվել է The Times թերթում, գրում է ТАССը։

 

«Մենք լավատեսորեն ենք նայում նրան, որ մեր կյանքի ընթացքում կկարողանանք վերացնել մալարիան և այլ մահացու արևադարձային հիվանդություններ, ինչպես նաև դիմակայել առաջացող վտանգներին՝ աշխարհն ավելի անվտանգ դարձնելով բոլորի համար»,- ասված է համատեղ հայտարարությունում:

 

Բրիտանիայի կառավարությունն այդ նպատակների համար տարեկան 500 միլիոնական ֆունտ ստերլինգ (715 միլիոն դոլար) է հատկացնելու բյուջեից և ուղղելու է դրանք բրիտանացի գիտնական Ռոնալդ Ռոսի անվան հիմնադրամ։ Ռոսը 1902 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել բացահայտման համար, որ մալարիայի տարածողները մոծակներն են:

 

Գեյթսերի հիմնադրամը հիվանդության դեմ պայքարին ուղղված գիտական գործունեությանն աջակցության համար տրամադրելու է տարեկան 200 միլիոն դոլար։

 

Մեծ Բրիտանիայի կառավարությունը և Բիլ Գեյթսն ավելի քան 4,5 մլրդ դոլար կհատկացնեն մալարիայի դեմ պայքարին