ԵԽԽՎ–ն մերժեց Ռոբերտ Ուոլթերի զեկույցը, Միլիցա Մարկովիչի զեկույցն ընդունվեց

13:03 • 26.01.16

Տեքստային թարմացումը կարող եք կարդալ տեսանյութերից հետո



Երևանի ժամանակով 13-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեկնարկեց հունվարյան նստաշրջան   օրակարգում  ներառված Հայաստանի և Արցախի համար 2  չափազանց կարևոր զեկույցների` Ռոբերտ  Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» անընդունելի վերնագրերով  զեկույցների քննարկումը: 


Նշենք, որ բախտորոշ այս զեկույցների քննարկումից մի քանի օր առաջ  ԵԱՀԿ Մինսկի խումբը
կոչ   արեց  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) չձեռնարկել քայլեր, որոնք կբարդացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը։ Այդ մասին ասված է համանախագահների տարածած հայտարարության մեջ:


 



14.50

ԵԽԽՎ-ում ընդունվեց Միլիցա Մարկովիչի հեղինակած հակահայ զեկույցը

ԵԽԽՎ-ում ընդունվեց Միլիցա Մարկովիչի հեղինակած հակահայ՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկված են ջրից» վերնագրով զեկույցը:

98 կողմ, 71 դեմ և 40 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Վեհաժողովն ընդունեց Սարսանգի ջրամբարի մասին հարցը:

Մինչև քվեարկությունը, հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը առաջարկեց հարցը հետ ուղարկել սոցիալական հանձնաժողով, նորից քննարկել, բայց ԵԽԽՎ-ն չընդունեց այս առաջարկը ևս:

 



14.30

Ռոբերտ Ոուլթերի զեկույցը չհաստատվեց, իսկ Միլիցա Մարկովիչի զեկույցը դեռ քննարկվում է


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեկնարկած հունվարյան նստաշրջանը 66 «կողմ» 70 «դեմ» և 45 «ձեռնպահ» ձայներով և ծափահարություններով չընդունեց Ռոբերտ Ոուլթերի `«Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը:


Ներկայումս քննարկվում է Միլիցա Մարկովիչի` «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկված են ջրից» վերնագրով զեկույցը:



14.16

ԵԽԽՎ վեհաժողովում ներկայացված հակահայ զեկույցը ցինիզմ է, որն ընդունելն անթույլատրելի է. Արմեն Ռուստամյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ներկայացված հակահայ զեկույցը ցինիզմ է, որն ընդունելն անթույլատրելի է: ԵԽԽՎ-ում ընթացող լիագումար նիստում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և օկուպացված այլ տարածքներում» վերնագրով զեկույցի քննարկման ժամանակ:


Արմեն Ռուստամյանը նշեց, որ զեկույցի վերնագիրը անընդունելի է, որովհետև նշված չէ՝ «ով է մեղավոր, որ լարվածության աճ կա, ով է վերջերս սկսել կիրառել՝ ծանր զինտեխնիկա, ականանետեր, որոնք, ի դեպ, արտադրվել են Թուրքիայում, և ում է ձեռնտու աջակցել ռազմական դրությանը, ոչ թե խաղաղությանը»:


Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ Հայաստանը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործունեությունը՝ սահմանային գծում, ապա հիշեցրեց, որ Ադրբեջանը մշտապես հրաժարվում է սահմանին ներդնել հետազոտության սարքեր, վերահսկողության մեխանիզմ: «Հենց Ադրբեջանն է, որը ստատուս քվոյի հետ համաձայն չէ ու փոխել սա հնարավոր է միայն նոր պատերազմ հրահրելու ճանապարհով»,- հավելեց նա:


Ըստ նրա՝ զեկույցի համաձայն միայն Հայաստանն է, որ մեղավոր է  ամեն ինչում, իսկ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ հակամարտությունը խաղաղ կարգավորվի: «Սա ցինիզմ է: Հեղինակն այսքանով չի ավարտում իր զեկույցը, բառ առ բառ կրկնում է Բաքվի դիրքորոշումը: Զեկուցողը ջանք չի գործադրել գալ Հայաստան, Ղարաբաղ, չնայած՝ եղել է հրավեր:  Դուք պետք է դատեք, բայց ասեմ, որ զեկույցի հեղինակը ոչ միան իր լիազորություններից դուրս է եկել, այլև կրկնում է ադրբեջանական իշխանությունների քարոզչական հայտարարությունները։ Զեկույցը ստվերում է մեր ասամբլեայի հեղինակությունը, որովհետև մեզ ներքաշում են մի հարցում, որը Մինսկի խմբի գործունեության շրջանակեներում է: Փոխարենը ԵԽԽՎ-ն արբիտր լինի, Ադրբեջանի կողմն է կանգնում: Դժվար է պատկերացնել ավելի միակողմանի, ավելի կեղծ մի տեքստ, ինչպես այս զեկույցը: Սա դատավճիռ է, մեղադրանք Հայաստանին: Մենք մեջլիսում չենք նստած, իսկ կա նման տպավորություն: Այս զեկույցը անթույլատրելի է»,- ընդգծեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության պատգամավորը:
 



14.13

ԼՂ հարցը կարելի է լուծել միմիայն ՄԽ ձևաչափում, ոչ թե այստեղ. Աքսել Ֆիշեր


«Եվրոպայի ժողովրդական կուսակցության» անունից ելույթով հանդես եկած ԵԽԽՎ պատվիրակ,
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Հայաստանի հարցով նախկին զեկուցող Աքսել Ֆիշերը, ով կոչ արեց Միլիցա Մարկովիչի ու Ռոբերտ Ոուլթերի զեկույցների մասին զգույշ խոսել, հավասարակշռված, ապա հավելեց. «Քանի որ այս հարցը կարելի է լուծել միմիայն Մինսիկի խմբի ձևաչափում, ոչ թե այստեղ»:


Աքսել ֆիշերն առաջարկեց հասկանալ` իրավիճակը Հայաստանում ու Ադրբեջանում, գտնել  դժվարությունների հաղթարհարման ուղիները:


Նա հիշեցրեց, թե ինչպես 2-րդ աշխարհամարտից հետո որքան դժվարին ժամանակներ են եղել գերմանացիների ու ֆրանսիացիների համար, որքան դժվար է եղել միմյանց ձեռք սեղմելը, սակայն հիմա գերմանացիները ու ֆրանսիացիներն ընկերներ են, ինչի արդյունքները քաղում է  Եվրոպայի ներկայիս երիտասարդ սերունդը:

Աքսել Ֆիշերը կոչ արեց ձևավորել այնպիսի ապագա, որով ապագա սերունդները կկարողանան հպարտանալ, ինչպես և վստահ է, որ ԵԽԽՎ առաջընթացի կհասնի, եթե երկու կողմերի դիրքորոշումների նկատմամբ կարողան արտահայտվել հարգանքով:
 
 




14.05


ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է հնարավորություն տրվի ՝ շարունակել ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու առաքելությունը. Ջոն Հաուեր
 

ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է տրվի հնարավորություն՝ շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացը կարգավորելու առաքելությունը: Այս մասին ԵԽԽՎ-ում ընթացող լիագումար նիստում հայտարարեց Վեհաժողովի Պահպանողականների խմբի անդամ Ջոն Հաուերն՝ անդրադառնալով շրջանառության մեջ դրված հակահայ զեկույցներին:


«Երեկ այստեղ խոսում էինք հակամարտության մշտական օջախների մասին ու չնշեցինք Ղարաբաղի անունը: Եվրոպան կպարտվի, եթե միասնական չլինի»,- նշեց Ջոն Հաուերը:


Անդրադառնալով հակահայ զեկույցներից մեկի հեղինակ՝ Միլիցա Մարկովիչի հայտարարությանը, թե ինքը հարգում է Մինսկի խմբի գործունեությունը, բայց ԵԽԽՎ-ն չի կարող «աչք փակել» հարցի վրա, Հաուերը նկատեց. «Ես գիտակցորեն եմ մոտենում այն հայտարարությանը, որ ասվում է, թե ԼՂ հակամարտության հարցում առաջընթացը վերջին քսան տարիներին դանղաղ է գրանցվում: Բայց եկեք չմոռանանք, որ Մինսկի խումբը գրանցել է նաև հաջողություններ: Հենց Մինսկի խմբի շրջանակներում է, որ պետք է հնարավորություն տրվի լուծել հարցը, Մինսկի խմբին պետք է տրվի հնարավորություն՝ շարունակելու գործընթացը: Մենք այստեղ չենք հավաքվել, որ կասկածենք՝ ինչու է ստեղծվել Մինսկի խումբը կամ ինչպես պետք է լուծեն կողմերը հակամարտությունը»:


ԵԽԽՎ պատգամավորը շեշտեց, որ վստահ չէ, թե ՄԽ գործունեությանը նպաստում է համանախագահ Ռուսաստանը: «Ռուսաստանը հակամարտության կողմերի հետ հանդիպումներ է ունենում, այն էլ՝ առանց մյուս համանախագահ երկրների: Պետք է ապահովել գործունության շարունակություն՝ հարցը խաղաղ լուծելու hամար: Դիվանագիտության անիվները դանդաղ են պտտվում, որովհետև պետք է կազմել կոնստրուկտիվ, ազնիվ բանակցություններ: Ես մտահոգված եմ շփման գծում տեղի ունեցածով: Պետք է լինի համագործակցություն, ոչ թե լարվածություն»,- եզրափակեց Ջոն Հաուերը:


 



14։00


ՀՀ-ն հրաժարվել է համագործակցել զեկուցողների հետ. ALDE խմբի անդամը առաջարկեց հաստատել զեկույցները
 

Սկզբունքային հարց է, որ Հայաստանը հրաժարվել է համագործակցել Ռոբերտ Ոուլթերի ու Միլիցա Մարկովիչի զեկույցների նախապատրաստական աշխատանքների հետ կապված ԵԽԽՎ պատվիրակների հետ: Միլիցա Մարկովիչի և Ռոբերտ Ոուլթերի զեկույցների ներկայացումից հետո ALDE խմբի ու իր անունից հայտարարեց  խմբի անդամ Յորդի Շուկլա, երբ 2 զեկուցողներին լսելուց հետո ԵԽԽՎ-ն անցել էր  վիճաբանությունների փուլին։ 


«Մեզ թվում է` եկել է ջանքերը մեկտեղելու ժամանակը, մենք պետք է հաստատենք այս զեկույցները. մենք երկու անգամ դա արել ենք:   Միավորել  ջանքերը և աշխատել առավել արդյունավետ: Բայցի այդ, սա սկզբունքների հարց է, մենք երեկ ևս այդ մասին խոսել ենք. անդամ պետությունների պարտավորությունների մեջ է մտնում համագործակցել զեկուցողների հետ, և տվյալ դեպքում այդ համագործակցությունը չի եղել»,-ասաց  ԵԽԽՎ  պատվիրակը և  պնդեց, որ իր գործընկերներից մի քանիսին չի հաջողվել մուտք գործել  Լեռնային Ղարաբաղ, որը, ի դեպ, նա անվանեց Ադրբեջան:


«Ես կարծում եմ, որ համագործակցության բացակայությունը հայկական իշխանությունների կողմից հետևանքն է նրա, որ այդ հարցը մենք դեռևս քննարկում ենք: Սա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարց չէ, սա քննարկումն է կոնկրետ հարցի` բռնությունների աճի ու սահմանամերձ շրջանների ջրազրկման»,-նշեց բանախոսը:


Նա հավելեց, թե այս հարցի քննարկումը նպատակ ունի հասկանալու`որտե՞ղ է սևը, որտե՞ղ սպիտակը:
 



13:49

Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ-ում ներկայացված զեկույցը քաղաքական ենթատեքստ չունի. Միլիցա Մարկովիչ

Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ-ում ներկայացված զեկույցը քաղաքական ենթատեքստ չունի, սա սոցիալական հարցը լուծելուն միտված փաստաթուղթ է: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այս պահին ընթացող լիագումար նիստի ժամանակ հայտարարեց Բոսնիայի և Հերցոգովինայի խորհրդարանի պատգամավոր, զեկույցի հեղինակ Միլիցա Մարկովիչը:


Մարկովիչն անդրադարձավ այն կարծիքներին, որ ԵԽԽՎ-ն իրավունք չունի զբաղվել ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցով: «Մենք փորձում ենք գտնել ճանապարհներ՝ հակամարտության պոտենցիալ լուծման համար: ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում է գտնվում հարցը, իր գոյության 20 տարիների ընթացքում չի գտել կոնկրետ լուծում, չի տվել ելք՝ ինչպես կարելի է լուծել հակամարտությունը: Ասում են, որ մենք չպետք է մտնենք այս հարցի քննարկման մեջ, որովհետև Մինսկի խումբն է, ով լիազորած է հարցի կարգավորմամբ: Ես իհարկե հարգում եմ Մինսկի խումբը, ՄԽ աշխատանքը, բայց ԵԽԽՎ-ն չի կարող աչք փակել տարածաշրջանում առկա խնդիրների վրա, տառապող ժողովրդի վրա»,- ասաց զեկույցի հեղինակը:


Միլիցա Մարկովիչն ասաց, որ ջրամբարը գտնվում է Ղարաբաղի վերահսկողության տակ, իսկ ԼՂ-ն փակում է Ադրբեջան ընթացող ջրի հոսքը, այն ժամանակ, երբ այն հարկավոր է, ինչի արդյունքում մյուս կողմում գտնվող ադրբեջանցի ժողովուրդը զրկվում է ջրից: Ուստի, նա հորդորեց ԵԽԽՎ պատվիրակներին կողմ քվեարկել, ասաց, որ դրա արդյունքում իրենք ցույց կտան, որ ԵԽԽՎ-ն չի համակերպվի 500 հազարից ավել մարդկանց տառապանքի հետ, ովքեր ջուր չեն ունենում:Շ

Մարկովիչը վստահեցրեց, որ ինքը բազմիցս փորձել է աշխատել հայկական պատվիրակության հետ, այցելել Հայաստան, տեսնել՝ Սարսանգի ջրամբարը, բայց իրեն իբրև չեն աջակցել:


«Ցավոք, ինձ չհաջողվեց այցելել Հայաստան, որովհետև Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում հրաժարվեց համագործակցել ինձ հետ այս հարցում: Ես մեկ անգամ չէ, որ փորձել եմ միացնել հայկական պատվիրակության անդամներին մեր թիմ՝ մշակելու հարցը: 2014 թ-ին, երբ ես առաջին անգամ դիմեցի այս հարցով, հայկական պատվիրակությունից ասացին, որ դա հնարավոր չէ, որովհետև հոկտեմբեր-մայիս ամիսներին Սարսանգի ջրամբարը հասանելի չէ ջրի մեծ հոսքի պատճառով: Իսկ երկրորդ անգամ էլ ասացին, որ պաշտոնական գրություն չեն ստացել: Երրորդ անգամ նրանք ասացին, որ զբաղված են Սահմանադրական փոփոխություններով, իսկ չորրորդ անգամ՝ հորդորեցին դիմել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որոնք ԵԽԽՎ պատվիրակություն չեն»,- մանրամասնեց հեղինակը:

 

 



13.40

Բոբ Ոուլթերը փորձել է այցելել Հայաստան ու ԼՂ, բայց իրենից անկախ պատճառներով չի կարողացել. զեկուցող

«Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցի հեղինակ Ռոբերտ Ոուլթերը փորձել է այցելել Հայաստան ու ԼՂ, բայց իրենից անկախ պատճառներով չի կարողացել, փոխարենը կարողացել է գնալ Ադրբեջան:  Այս մասին  հայտարարեց պատգամավոր Մոգենսե Յենսենը, ով փոխարինում է  նախկին պատգամավոր Բոբ Ոուլթերին, ով  այլև ԵԽԽՎ պատվիրակ չի ընտրվել:


«Եվ հաշվի առնելով  վերջին զարգացումները՝ Բյուրոն առաջարկեց հետևյալ վերնագիրը` «Բռնության աճը  Լեռնային Ղարաբաղում  և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում»:  Աշնանային նստաշրջանին 2014-ին այս զեկույցը 3 անգամ քվեարկվել է, որոշվել է շարունակել այդ առաջարկները, հետո հաստատվեց, որ կորոշվի մեկ զեկույց և նշանակվեց մեկ զեկուցող: Այնպես որ, և՛ Ոուլթերի նշանակումը, և՛ զեկույցի վերնագիրը հայկական կողմից մեծ քննադատության են արժանացել: Պարոն Ոուլթերը բացատրել է, որ ինքը կազմակերպել է ԵԱՀԿ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպում, ինչպես նաև այցելություններ, բայց իրենից անկախ պատճառներով չի կարողացել այցելել Հայաստան ու ԼՂՀ, թեպետ, փորձել է»,-ասաց Ոուլթերին փոխինող զեկուցողը:

Նա հավելեց նաև.«Չեմ ցանկանում զեկույցի էության մեջ շատ խորանալ, որովհետև իրավունք չունեմ փոխարինել զեկուցողին, ուղղակի կսահմանափակվեմ հիշեցումով, թե ինչու որոշվեց պատրաստել այդ զեկույցը՝ 2014-ին ծրագրվելով»:


Մանրամասն ներկայացվեց, թե 2014-ին սեպտեմբերին ադրբեջանական պատվիրակության և այլ պատգամավորների առաջարկով ինչ փոփոխություններ են ներառվել փաստաթղթում։

Նշենք, որ երկու հակահայ զեկույցներից առաջինը սկսվեց քննարկել Ոուլթերի զեկույցը, ապա՝ Միլիցա Մարկովիչինը:

 

 

 


 

ԵԽԽՎ–ն մերժեց Ռոբերտ Ուոլթերի զեկույցը, Միլիցա Մարկովիչի զեկույցն ընդունվեց