Facebook-ը 1,56 մլրդ դոլար է վաստակել անցած եռամսյակի ընթացքում
Ամերիկյան Facebook ընկերությունը ներկայացրել է ֆինանսական տարվա վերջին եռամսյակի արդյունքների մասին հաշվետվությունը։
Սոցիալական ցանցի սեփականատեր ընկերության եկամուտը 2015 թվականի վերջին եռամսյակում կազմել է 5,8 միլիարդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 1,56 միլիարդ դոլար, հաղորդում է gazeta.ru-ն։
Ընկերության շահույթը վերջին եռամսյակում երկու անգամ գերազանցել է մեկ տարի առաջվա նույն ժամանակահատվածի արդյունքը (700 միլիոն դոլար)։
Facebook-ի ընդհանուր եկամուտը մեկ տարվա ընթացքում ավելացել է 2 միլիարդ դոլարով։
Ընկերությունը նաև գրանցել է ամենօրյա միջին լսարանի աճ: 2015 թվականի դեկտեմբերին սոցիալական ցանցը հասել է միջինը 1,04 միլիարդ օգտատիրոջ արդյունքի, ինչը 17 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ դեկտեմբերին։
Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն ընդգծել է, որ Facebook-ի բիզնեսը ծաղկում է, և անցած տարին հիանալի տարի էր ընկերության համար։










