Լուսինը ձևավորվել է Երկրի և այլ մոլորակի բախման արդյունքում

00:06 • 30.01.16

Ժամանակակից Լուսինը ձևավորվել է Երկրի և Թեյա մոլորակի միջև ուժեղ ճակատային բախման արդյունքում, որը համարվում է մեր մոլորակի արբանյակի հավանական նախահայրը:


Ինչպես գրում է РИА Новости-ն` մեջբերելով Science ամսագրում հրապարակված հոդվածը, երկու մոլորակների միջև բախումը տեղի է ունեցել Երկրի ծնունդից մոտ 100 մլն տարի անց:


Վերջին 30 տարում ընդունված էր համարվում կարծել, որ Լուսինը ձևավորվել է Թեյա պրոտոմոլորակային մարմնի և Երկրի «սաղմի» բախման արդյունքում: Բախման  ժամանակ Թեյայից և պրոտո-Երկրից մատերիա է արտանետվել տիեզերք, որից էլ կազմավորվել է Լուսինը:


Այս տեսությունը լավ բացատրում է Լուսնի զանգվածը, երկաթի քիչ պարունակությունը և այլ պարամետրեր, սակայն այդ պարագայում Լուսինը մեծավմասամբ պետք է նման լիներ Թեյային և զգալիորեն տարբերվեր Երկրից, ինչպես Արեգակնային համակարգի շատ այլ երկնային մարմիններ:

 

Բայց իրականում Լուսնի և Երկրի բաղադրությունը  չափազանց նման է:


Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական Էդվարդ Յանգը և նրա ղեկավարած խումբը եկել են եզրահանգման, որ «մեր մոլորակը  և Լուսնի «սաղմը»  բախվել են ուղիղ անկյան տակ մեծ արագությամբ, որի հետևանքով Թեյան «խոցել է» Երկրի կեղևը` ամբողջությամբ հալչելով և միաձուլվելով մեր մոլորակի հետ: Այդ խառնուրդի մի մասը արտանետվել  է տիեզերք, որտեղ այն աստիճանաբար վերածվել է Լուսնի»:

 

Լուսինը ձևավորվել է Երկրի և այլ մոլորակի բախման արդյունքում