ԱՄՆ-ում Toyota-ն հետ է կանչում 320.000 ավտոմեքենա` անվտանգության բարձիկների հետ կապված խնդրի պատճառով
Ճապոնական Toyota ընկերությունը հայտարարել է ԱՄՆ-ում մոտ 320.000 ավտոմեքենայի հետկանչի մասին` անվտանգության բարձիկների հետ կապված խնդրի պատճառով։
Հետկանչի ենթակա են Tundra Sequoia մոդելները` թողարկված 2005-2006թթ., Land Cruiser և 4-Runner մոդելները` թողարկված 2003-2006թթ. և 2004-2006թթ.՝ համապատասխանաբար։ Հետկանչի ենթակա են նաև Lexus-ի 2 մոդելներ` LX470 և GX470։
Ընկերության հաղորդագրությունում նշվում է, որ այդ ավտոմեքենաներում կարող են ինքնաբերաբար աշխատել անվտանգության բարձիկները։ Այդ անսարքությունն ավելացնում է վարորդի և ուղևորների` վնասվածքներ ստանալու ռիսկը, նշել են ընկերությունում:
Ծրագրային ապահովումը, որը պատասխանատու է բարձիկների համար, կփոխարինվի անվճար:










