Volkswagen-ը շռայլ փոխհատուցում կվճարի ԱՄՆ-ի հաճախորդներին

13:42 • 08.02.16

Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը շռայլ փոխհատուցում կվճարի ԱՄՆ-ում այն դիզելային ավտոմեքենաների 600.000 սեփականատերերին, որոնց արտանետումների մակարդակը գերազանցում է թույլատրելի նորմերը։ Այդ մասին հայտարարել է ընկերության փոխհատուցման հիմնադրամի ղեկավար Քենեթ Ֆայնբերգը, գրում է Reuters-ը։

 

Ընկերությունը դեռ չի պարզել, թե ինչ տեսքով են հաճախորդները ստանալու փոխհատուցումը։ Ուրբաթ օրը կոնցեռնը հետաձգել է 2015 թվականի արդյունքների հրապարակումը և տեղափոխել է բաժնետերերի ամենամյա հանդիպումը՝ չկարողանալով հստակ գնահատական տալ, թե ինչքան է արժեցել սկանդալը։

 

Ֆայնբերգի խոսքով՝ ներկայում նա հազիվ թե կարողանա այդ վճարումների համար ֆոնդ ստեղծել 60-90 օրվա ընթացքում, ինչպես նախատեսվում էր նախկինում:

 

«Իմ ձեռքերը կապված են մինչև Volkswagen-ը չհարթի իշխանությունների հետ տարաձայնությունները»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, նա ակնկալում է, որ սեփականատերերի մեծ մասը կհամաձայնի առաջարկված փոխհատուցմանը:

 

Volkswagen-ը շռայլ փոխհատուցում կվճարի ԱՄՆ-ի հաճախորդներին