Ապահով համացանցը միջոցառումների համալիր է պահանջում. այսօր Ապահով համացանցի միջազգային օրն է

14:20 • 09.02.16

«Ապահով համացանց» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը և  «Ինտերնետ կառավարման» խորհրդի քարտուղար Գրիգորի Սաղյանը մամուլի ասուլիսին հայտնեցին, որ այսօր Ապահով համացանցի միջազգային օրն է:


Նարինե Խաչատրյանը ներկայացրեց օրվա կապակցությամբ Երևանում և շրջաններում իրականացվող միջոցառումները: «Նախաձեռնության շրջանակներում յուրաքանչյուր տարի հինգ հազար աշակերտներ են մասնակցում բաց դասերի՝ ստանալով համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ գիտելիքներ և ուսումնական նյութեր»,-ասաց նա:


Ծրագրի համակարգողը նշեց, որ արդեն երկրորդ տարին է՝ միջոցառումներն իրականացվում են նույն կարգախոսով՝ «Միասնին ստեղծենք ավելի ապահով համացանց»: Նա նշեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետող երեխաներն ավելի հեշտ են հաղթահարում համացանցում առաջացած տարաբնույթ ռիսկերը:

Գրիգոր Սաղյանը կարևորեց անձնական տվյալների պաշտպանությունը և նշեց, որ  անձնական տվյալները, եթե մեծ քանակի մարդկանց է հասանելի դառնում, ապա կարելի է ամփոփ պատկեր ստեղծել և օրինակ՝ հանցագործը կարող է հանցավոր նպատակներով օգտագործել: «Ապահով համացանցը միջոցառումների համալիր է պահանջում, դա ամենօրյա աշխատանք, կրթություն է»,-ասաց նա:

Նա նկատեց, որ երբեմն ուսուցիչները համացանցում չեն տիրապետում այն գիտելիքներին,  որոնք տիրապետում են երեխաները և որոշ դեպքերում երեխաներն ավելի առաջ են ընկնում:  Նարինե Խաչատրյանը ևս կարևորեց ապահով համացանցի ոլորտում բոլոր դերակատարների, մասնագետների աշխատանքը:

Ապահով համացանցը միջոցառումների համալիր է պահանջում. այսօր Ապահով համացանցի միջազգային օրն է