Օբաման շնորհավորել է գիտնականներին՝ գրավիտացիոն ալիքների բացահայտման առիթով

10:32 • 12.02.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Twitter-ի իր էջում շնորհավորել է գիտնականներին գրավիտացիոն ալիքների բացահայտման կապակցությամբ, գրում է gazeta.ru-ն։

 

«Էյնշտեյնը ճիշտ էր։ Շնորհավորում եմ NSF-ին և LIGO-ին՝ գրավիտացիոն ալիքների հայտնաբերման կապակցությամբ, ինչը մեծ առաջընթաց է այն հարցում, թե ինչ ենք մենք հասկանում տիեզերք ասելով»,- գրել է Օբաման:

 

Ազգային գիտական հիմնադրամը (NSF) ԱՄՆ կառավարությանը կից անկախ գործակալություն է, որը պատասխանատու է գիտության և տեխնոլոգիաների զարգացման համար: 1992 թվականից հիմնադրամը ֆինանսավորում է LIGO միջազգային նախագիծը, որի շրջանակում հետազոտություններ են անցկացվել:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ LIGO-ի գիտնականները պաշտոնապես հայտարարել են, որ կարողացել են հայտնաբերել գրավիտացիոն ալիքներ ինտերֆերոմետր կոչվող սարքի շնորհիվ: Դրանք, ինչպես կարծում են գիտնականները, առաջացել են երկու սև խոռոչի միաձուլման շնորհիվ։

 

Այս իրադարձությունը կարող է համարվել տասնամյակի կարևորագույն գիտական հայտնագործություններից մեկը: 100 տարի առաջ դրա մասին տեսություն էր զարգացրել Ալբերտ Էյնշտեյնը` կանխագուշակելով, որ տիեզերքում անտեսանելի ալիքներ են ստեղծվում, որոնք կոչվում են գրավիտացիոն ալիքներ։

 

Օբաման շնորհավորել է գիտնականներին՝ գրավիտացիոն ալիքների բացահայտման առիթով