Մեկնարկել Tumo4Aurora նախաձեռնությունը

17:29 • 15.02.16

                                               

Փետրվարի 14-ին մեկնարկեց Tumo4Aurora նախաձեռնությունը: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շուրջ 10 000  ուսանողներ հնարավորություն կստանան մասնակցելու «Ավրորա» (The Aurora Prize for Awakening Humanity) միջազգային մարդասիրական մրցանակի հիմնական խորհրդանիշների ստեղծմանը:
 

Թումոյի ուսանողների հետ հանդիպմանը IDeA hիմնադրամի «100LIVES» և «Aurora Prize» մրցանակ նախաձեռնությունների գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանը  պատմեց «Ավրորա» մրցանակի մասին:
 

««Ավրորա»-ն խորհրդանշում է հայ ժողովրդի երախտագիտությունն այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր փրկել են մեր հայրենակիցներին Հայոց ցեղասպանության ժամանակ: Մենք հաղթել ենք, որովհետև չենք մահացել, իսկ հաղթողին բնորոշ է երախտագիտության զգացումը։  Մեր ցանկությունն ու նպատակն է, որ յուրաքանչյուր հայ ընկալի «Ավրորա»-ն որպես մի մրցանակ, որը հենց իր անունից է տրվում այսօրվա հերոսներին, ովքեր օգնում են մարդկանց՝ վտանգելով սեփական կյանքը: Այս առումով շատ կարևոր է, որ Թումոն իր 10 000 ուսանողների հետ միանում է նախաձեռնությանը»,-  ասաց Արման Ջիլավյանը:


Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանն իր խոսքում ընդգծեց թումոցիների մասնակցության կարևորությունը:«Երանի ձեզ, որ կարող եք ձեր ներդրումն ունենալ այս հիանալի ու աշխարհին տեսանելի նախաձեռնության մեջ։ Մենք հպարտ ենք, որ «100LIVES»-ը մեր ուսանողներին տալիս է այս հնարավորությունը», - նշեց նա։


Թումոյի ուսանողները կմասնակցեն «Ավրորա» մրցանակի խորհրդանիշների` արձանիկի, կարգախոսի և գրաֆիկական տարրերի ստեղծման մրցույթին: Դրանց ստեղծման նպատակով Թումոյում կկազմակերպվի չորս հատուկ դասընթաց, որոնց արդյունքում կստեղծվեն մրցանակի չորս տարբերակներ, իսկ կարգախոսի և գունապնակի առաջարկներ հնարավորություն կունենա ներկայացնել Թումոյի ցանկացած ուսանող անհատապես:
 

Aurora Prize-ի ստեղծագործական խորհրդի կողմից հաղթող ճանաչված տարբերակը կյանքի կկոչվի և կընդգրկվի «Ավրորա» մրցանակի  և մրցանակաբաշխության վիզուալ նյութերում: Հաղթող չճանաչվելու դեպքում ընտրված տարբերակները կցուցադրվեն UWC Դիլիջան քոլեջում ՝ հանդիսանալով Թումոյի ստեղծագործական ներդրումը «Ավրորա» մրցանակին:


 

Մեկնարկել Tumo4Aurora նախաձեռնությունը