Apple-ին պարտավորեցրել են օգնել բացել ահաբեկչի հեռախոսի արգելափակումը
Ամերիկյան դատարանը պարտավորեցրել է Apple ընկերությանը օգնել քննիչներին մուտք ստանալ Կալիֆորնիայի Սան-Բերնարդինո քաղաքում մարդկանց վրա կրակ բացած Սաիդ Ֆարուքի հեռախոսի տեղեկություններին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դատարանի որոշման մեջ ասվում է, որ ընկերության ներկայացուցիչները պետք է օգնեն Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչներին շրջանցել անվտանգության միջոցները և ստանալ մուտք՝ հեռախոսի հաղորդագրություններին: BBC-ի տեղեկություններով՝ Apple-ը մտադիր է բողոքարկել որոշումը:
Քննիչները վստահ են, որ հեռախոսում պահվում է ծայրահեղ կարևոր տեղեկություն, սակայն այն գաղտնաբառ է պահանջում: Ավելին, գաղտնաբառը գրելու տասը անհաջող փորձի դեպքում հեռախոսն ավտոմատ կերպով կջնջի ողջ տեղեկությունը:
Անվտանգության համակարգն աշխատում է այնպես, որ անգամ Apple-ի մասնագետները չեն կարող մուտք ստանալ տեղեկատվությանը, այդ պատճառով քննիչները խնդրում են նրանց ոչ թե հավաքել գաղտնաբառը, այլ պարզապես նրանց համար հեշտացնել այդ գործընթացը՝ հանելով գաղտնաբառը գրելու փորձերի սահմանափակումը, ինչպես նաև օգնելով տեղծել ծրագիր, որը ավտոմատ կդիտարկի բոլոր հնարավոր տարբերակները մեծ արագությամբ:
Սաիդ Ֆարուքը և նրա կինը՝ Տաշֆին Մալիքը դեկտեմբերի 3-ին սպանել են 14 անզեն մարդու և վիրավորել ևս ավելի քան քսան մարդու: Նրանք փորձել են փախչել, բայց սպանվել են նրանց հետապնդող ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ:










