Մարտին դեպի Մարս կարձակվի «քիթ» արբանյակ
Մարտի 14-ին Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերակայանից դեպի Մարս մոլորակ կարձակվի ExoMars ռոբոտային արբանյակը, որի առաքելությունը կայանում է կյանքի գոյության անհրաժեշտ նախապայմաններից մեկի` մեթան գազի գոյության հետքերը գտնելու մեջ:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, այլ կերպ ասած` այն կատարելու է հսկայական «քթի» դեր, որը փորձելու է զգալ մեթանի հոտը:
«Իրականում մեր արբանյակը տիեզերք արձակված հսկայական քիթ է, որը պետք է հոտոտի ու զգա մեթան գազի առկայությունը: Բացի այդ այն պետք է որոշի, թե արդյոք այդ գազն արտադրվում է կենսաբանական գործընթացների արդյունքում»,-պատմել է ExoMars նախագծի գիտնական, Եվրոպական տիեզերական գործակալության աշխատակից Խորխե Վագոն:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Երկրի վրա մեթանի մեծ մասն արտադրվում է կենդանի միկրո օրգանիզմների կողմից: Ուստի` գիտնականները չեն բացառում, որ Մարսի մթնոլորտում մեթանի հայտնաբերում կվկայի մոլորակի վրա կենսաբանական գործընթացների առկայության մասին:










