Բիլ Գեյթսն Apple-ի հետ վեճում պաշտպանել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին

13:33 • 23.02.16

Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը և Հետաքննությունների դաշնային բյուրոյին Սան Բերնարդինոյի ահաբեկիչներից մեկին պատկանող սմարթֆոնը կոտրելու հարցում, հաղորդում է Mashable-ը։

 

Microsoft-ի հիմնադիրը The Financial Times թերթին տված հարցազրույցում բացասաբար է արձագանքել Apple-ի տնօրեն Թիմ Կուկի պնդմանը, թե իշխանությունների դիմումը բավարարելը մտահոգիչ իրավական նախադեպ կստեղծի։

 

«Դա կոնկրետ դեպք է, երբ կառավարությունը խնդրում է տեղեկատվության հասանելիության հնարավորություն: Նրանք չեն խնդրում ընկերության ներքին ընդհանուր ինչ-որ տեղեկատվություն, նրանք խնդրում են կոնկրետ դեպքի համար տեղեկատվություն»,- ասել է Գեյթսը։

 

Նա նաև հավելել է, որ այդ հարցումը ոչ մի կերպ չի տարբերվում հեռախոսային ընկերությանն ուղարկված սովորական հարցումից, երբ հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել զանգերի մասին։

 

Financial Times թերթը, ընդ որում, նշել է, որ Microsoft-ը պաշտոնապես չի մեկնաբանել այդ հարցը, բայց Reform Government Surveillance ընկերությունների խումբը, որի մեջ մտնում է Microsoft-ը, փետրվարի 17-ին հայտարարություն է տարածել՝ ասելով, որ կազմակերպությունը նույնպես պաշտպանում է իր հաճախորդների տեղեկատվական անվտանգության պաշտպանության վերաբերյալ դիրքորոշումը։

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պաշտպանել է Apple-ին Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ վեճում։

 

Բիլ Գեյթսն Apple-ի հետ վեճում պաշտպանել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին