Գիտնականները հայտնել են XX դարում ծովի մակարդակի կտրուկ բարձրացման մասին
Գիտնականների միջազգային խումբը հայտարարել է, որ XX դարում ծովի մակարդակը զգալիորեն ավելի արագ է բարձրացել, քան նախորդ 27 հարյուրամյակներից ցանկացածի ընթացքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ XX դարում ծովի մակարդակը բարձրացել է 14 սանտիմետրով: Գիտնականների կարծիքով՝ դա ուղղակիորեն կապված է գլոբալ տաքացման հետ, առանց որի այդ ցուցանիշն առնվազն երկու անգամ ավելի ցածր կլիներ։
Հետազոտողները պնդում են, որ ծովի մակարդակի բարձրացման տեմպերը սկսել են կտրուկ աճել Փոքր սառցե շրջանի ավարտից և XIX դարում արդյունաբերական հեղափոխության սկսվելուց հետո։ Նրանք նաև կարծում են, որ նորմալ էկոլոգիական պայմաններում Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անցած դարում կբարձրանար ոչ ավելի քան յոթ սանտիմետրով։










