ԱՄՆ-ում ուսումնասիրում են Զիկա վիրուսի՝ մարդուց մարդուն փոխանցվելու դեպքերը
ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման դաշնային կենտրոնն ուսումնասիրում է Զիկա վիրուսի 14 նոր դեպք, որոնք հավանաբար փոխանցվել են մարդուց մարդուն, տեղեկացնում է korrespondent.net-ը:
«Այս պահին մենք ուսումնասիրում ենք Զիկա վիրուսի փոխանցման 14 նոր դեպք։ Դրանք, հնարավոր է, փոխանցվել են սեռական ճանապարհով, այդ թվում՝ հղիների մասնակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Դրանցից երկուսի դեպքում կանայք կարող էին վարակված լինել միայն զուգընկերոջից, որոնք ճանապարհորդել են այն երկրներում, որտեղ վարակի դեպքեր են գրանցվել:
Կենտրոնի տվյալներով՝ հիվանդության փոխանցումը սեռական ճանապարհով ապացուցված չէ, բայց նաև բացառված չէ։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին ԱՄՆ Տեխաս նահանգում գրանցվել էր Զիկա վիրուսի` մարդուց մարդուն փոխանցվելու առաջին դեպքը։ Վիրուսը փոխանցվել է սեռական ճանապարհով:
Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման դալասյան կենտրոնը հաստատել էր, որ վարակումը տեղի է ունեցել ոչ թե մոծակի խայթոցից, այլ սեռական կոնտակտի հետևանքով։










