Հնագետները հայտարարել են, որ պեղել են Եվրոպայի ամենահին մուսուլմանական շիրիմները
Ֆրանսիայի հարավային հատվածում աշխատող հնագիտական խումբը պեղումների արդյունքում հայտնաբերել է մարդկային կմախքներով 3 շիրիմ, որոնք թվագրվում են 8-րդ դարին։
Ինչպես նշում է The Guardian-ը, մասնագետները փաստել են, որ սրանք Եվրոպայի տարածքում երբևէ հայտնաբերված հնագույն մուսուլմանական շիրիմներն են։
Հնագետներն իրենց վարկածն ապացուցել են հետևյալ փաստերով. բոլոր 3 հանգուցյալները թաղվել են դեմքով դեպի սրբազան Մեքքա քաղաքը։ Բացի այդ, ռադիոածխածնային անալիզը ցույց է տվել, որ հուղարկավորվածները 7-9-րդ դարերի ընթացքում Եվրոպայում արշավանքներ իրականացրած մուսուլմանների հետնորդներն են։
«Մենք գիտեինք, որ մուսուլմանները Ֆրանսիա են եկել 8-րդ դարում, սակայն նախքան այս մենք հստակ ապացույցներ չունեինք»,-նշել է հնագիտական թիմի անդամներից մեկը։










