Սպիտակ տունն ակտիվացնում է համացանցում ԻՊ-ի դեմ պայքարը. CNN
ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են ակտիվացնել համացանցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, և այդ պատճառով խոշոր ընկերությունների աջակցությունն են խնդրել սոցիալական ցանցերի միջոցով ծայրահեղականների դեմ պայքարում, հաղորդում է CNN-ը։
Այդ նպատակով ԱՄՆ-ի արդարադատության նախարարություն են հրավիրվել Apple-ի, Twitter-ի, Snapchat-ի, Facebook-ի, MTV-ի և Buzzfeed-ի ղեկավարները։ Նշվում է, որ ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Նիկոլաս Ռասմուսենը պատմել է նրանց սոցիալական ցանցերում ԻՊ-ի դեմ պայքարի ուղղությամբ Միացյալ Նահանգների ջանքերի մասին։
Հանդիպմանը մասնակցել են մոտ 50 ընկերությունների ներկայացուցիչներ, նաև՝ բազմաթիվ կառավարական կառույցների, այդ թվում՝ Արդարադատության նախարարության, Պետդեպարտամենտի և Սպիտակ տանը կից ազգային անվտանգության խորհրդի անդամներ։
Հանդիպման ժամանակ ընկերությունների ղեկավարներին պատմել են ԻՊ-ի կողմից օգտագործվող հաղորդագրությունների տարածման տեխնոլոգիայի մասին, ինչպես նաև ահաբեկչական քարոզչությանը հակազդելու պլանների մասին։










