Google-ը կաջակցի Apple-ին` iPhone-ի կոտրման հարցում ԱՄՆ-ի իշխանությունների հետ վեճում. AP
Google ընկերությունը պաշտոնական կարգով կաջակցի Apple ընկերությանն ԱՄՆ իշխանությունների հետ դատական վեճում, որոնք պահանջում են ընկերությունից iPhone սմարթֆոնները կոտրելու համար միջոցներ տրամադրել, գրում է Associated Press գործակալությունը։
Աղբյուրները հայտնում են, որ Google-ն առաջիկա շաբաթվա ընթացքում դատարան կուղարկի, այսպես կոչված, «բարեկամական փաստարկ»` հօգուտ Apple-ի: Խոսքը ձևի մասին է, որն ԱՄՆ-ում անվանում են amicus curiae brief: Այն կարող է ներկայացնել 3-րդ կողմը, որը դատական գործի մասնակից չէ և փաստարկներ է ներկայացնում` ի պաշտպանության այս կամ այն դիրքորոշման։
Google-ում ավելի վաղ արդեն հայտարարել են, որ ԱՄՆ իշխանությունների դիրքորոշումը սխալ են համարում:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Կալիֆոռնիայի դատարանը պահանջել էր Apple-ից ՀԴԲ-ին տրամադրել հատուկ ծրագրային ապահովում, որը թույլ կտա իրենց ստանալ Սան Բերնարդինոյի ահաբեկիչներից մեկի հեռախոսում պահվող տեղեկության հասանելիությունը: Սարքը պատկանել է ահաբեկիչ Սաիդ Ֆարուքին, ով մասնակցել է Սան Բերնարդինոյում հաշմանդամների կենտրոնի վրա հարձակմանը:










