Opportunity մարսագնացը նոր լուսանկար է հրապարակել Մարսից (լուսանկար)
ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի Opportunity մարսագնացը, որը շարունակում է ուսումնասիրել «կարմիր մոլորակի» մակերևույթը, նոր լուսանկար է հրապարակել այնտեղից, տեղեկացնում է ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքը։
Լուսանկարն արվել է դեպի Կնուդսեն Ռիջ լեռնաշղթան շարժվելու ճանապարհին։ Opportunity-ի նպատակն է Կնուդսեն Ռիջի քարե գոյացությունների ուսումնասիրությունը։
Գիտնականների կարծիքով՝ միլիարդավոր տարիներ առաջ լեռնաշղթայով ջուր է հոսել: Այժմ նրանք փորձում են մարսագնացի միջոցով այս վարկածը հաստատող ապացույցներ գտնել։
lenta.ru-ն մանրամասնում է, որ ստորև հրապարակված լուսանկարը ստեղծվել է Opportunity-ի կողմից 2015թ. հոկտեմբերի 29-30-ի ընթացքում արված կադրերի համադրության միջոցով։
Նշենք, որ այս մարսագնացը «կարմիր մոլորակի» վրա վայրէջք է կատարել 2004թ. հունվարի 25-ին: Հետաքրքրական է, որ ի սկզբանե ենթադրվում էր, որ այն Մարսի վրա կանցկացնի ընդամենը 90 օր, սակայն սարքը գործում է առ այսօր։











