«Օսկար-2016». տարվա լավագույն դերասան է ճանաչվել Լեոնարդո Դի Կապրիոն, լավագույն ֆիլմ՝ «Ուշադրության կենտրոնում»-ը (լուսանկարներ, տարբերակ 4)
9.00 «Տարվա լավագույն ֆիլմ» է ճանաչվել Թոմաս ՄքՔարտիի «Ուշադրության կենտրոնում» ֆիլմը:
Լավագույն ֆիլմ անվանակարգում ներկայացված էին նաև «Խելագար Մաքս. Ցասման ուղին», «Բրուքլին», «Փրկվածը», «Սենյակ», «Մարսիացին», «Լրտեսական կամուրջ», «Իջեցման խաղ» ֆիլմերը:
8.58
«Տարվա լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լեոնարդո Դի Կապրիոն՝ «Փրկվածը» ֆիլմում կատարած գլխավոր դերի համար:
Բացի Դի Կապրիոյից՝ «Լավագույն դերասան» անվանակարգում պայքարում էին նաև դերասաններ Բրայան Քրենսթոնը («Տրամբո»), Մայքլ Ֆասբենդերը («Սթիվ Ջոբս»), Մեթ Դեյմոնը («Մարսիացին»), Էդի Ռեդմեյնը («Դանիացի աղջիկը»):
8.55
Երկրորդ տարին անընդմեջ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակի է արժանանում Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն` «Փրկվածը» ֆիլմի համար: Նախորդ տարի ռեժիսորն «Օսկար» է ստացել «Բըրդմեն» ֆիլմի համար։
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված էին նաև Ադամ ՄքՔեյը («Իջեցման խաղ»), Ջորջ Միլերը («Խելագար Մաքս. Ցասման ուղին»), Լեոնարդ Աբրահամսոնը («Սենյակը») և Թոմ ՄքՔարտին («Ուշադրության կենտրոնում»):
«Տարվա լավագույն դերասանուհի» է ճանաչվել Բրի Լարսոնը՝ «Սենյակը» ֆիլմում կատարած դերի համար: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված էին նաև դերասանուհիներ Ջենիֆեր Լոուրենսը («Ջոյ»), Քեյթ Բլանշետը («Քերոլ»), Սիրշա Ռոնանը («Բրուքլին»), Շառլոթ Ռեմփլինգը («45 տարի»):
Լոս Անջելեսում ընթանում է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը` «Օսկար» մրցանակի հանձնման 88-րդ հանդիսավոր արարողությունը:
Hollywood & Highland Center համալիրը, որտեղ անցկացվում է արարողությունը, մի քանի ժամով հայտնվել է համաշխարհային լսարանի ուշադրության կենտրոնում: Այնտեղ` Dolby Theatre-ում, հայտնում են ոսկե արձանակին արժանացած աստղերի անունները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Միջոցառումը վարում է սևամորթ կատակերգու դերասան Քրիս Ռոքը: Տվյալ դերում նա նախկինում արդեն հանդես է եկել 2005-ին:
Դեռևս հայտնի են մի քանի անվանակարգերի հաղթողներ. լավագույն սցենարի համար հաղթանակի է արժանացել «Ուշադրության կենտրոնում» ֆիլմը (Ջոշ Սինգեր և Թոմ Մաքքարթի), իսկ «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում մրցանակի են արժանացել Չառլզ Ռենդոլֆը և Ադամ ՄքՔեյը` «Իջեցման խաղ» ֆիլմի համար:
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ալիսիա Վիկանդերը՝ «Դանիացի աղջիկը» ֆիլմում կատարած դերի համար։ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մարկ Ռայլենսը` Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսների կամուրջը» ֆիլմում խորհրդային լրտես Ռուդոլֆ Աբելի դերի համար:
«Լավագույն հագուստ» անվանակարգում մրցանակի է արժանացել «Խելագար Մաքս. Ցասման ուղին» ֆիլմը: Նույն ֆիլմը ստացել է նաև 2 արձանիկներ, այս անգամ` «Լավագույն նկարիչ-բեմադրող» (Քոլին Գիբսոն և Լիսա Թոմփսոն) և «Լավագույն գրիմ և սանրվածքներ» անվանակարգերի համար:
«Խելագար Մաքս. Ցասման ուղին» ֆիլմն արժանացել է մրցանակների նաև` «Լավագույն մոնտաժ», «Լավագույն ձայն» և այլ անվանակարգերում։
Երրորդ տարին անընդմեջ «Լավագույն պրոդյուսեր» անվանակարգում մրցանակի է արժանացել մեքսիկացի օպերատոր Էմանուել Լյուբեցկին, այս անգամ` «Փրկվածը» ֆիլմի համար:
Վիզուալ էֆեկտների համար «Օսկար» մրցանակի է արժանացել «Մեքենայի միջից» ֆիլմը:
«Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գաբրիել Օսարիոյի և Պատո Էսկալայի «Արջերի պատմությունը» մուլտֆիլմը, իսկ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» է ճանաչվել Փիթ Դոքթերի և Ջոնաս Ռիվերի «Գլուխկոտրուկ» ֆիլմը:
«Աղջիկը գետում. Ներման գինը» ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում, իսկ «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Օսկար» մրցանակ է ստացել «Էմի» ֆիլմը: Ռեժիսոր Ազիֆա Կապադիայի ֆիլմը պատմում է բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի կյանքի և կարիերայի մասին:
Ջին Հերշոլթի անվան մրցանակը, որը հանձնվում է մարդասիրության գործում անհատական ներդրում ունենալու համար, հասել է դերասանուհի և երգչուհի Դեբի Ռեյնոլդսին:
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում արձանիկը ստացել է «Կակազողը» ֆիլմը, իսկ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել հունգարացի ռեժիսոր Լասլո Նեմեշի «Սեուլի որդին» ֆիլմը:
Միջոցառման բեմում իր խոսքով հանդես է եկել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ով ներկայացրել է երգչուհի Լեդի Գագային: Նա նշել է, որ երգչուհին կկատարի Til It Happens to You երգը «Որսի գոտի» ֆիլմից, որը պատմում է բռնության խնդիրների մասին:
Ֆիլմի համար լավագույն երաժշտություն անվանակարգում մրցանակի է արժանացել իտալացի կոմպոզիտոր Էնիո Մարիկոնեն` Քվենտին Տարանտինոյի «Գարշելի ութնյակը» ֆիլմի երաժշտության համար:
«Լավագույն երգ» անվանակարգում հաղթող է ճանաչվել բրիտանացի երգիչ Սեմ Սմիթը` 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին «Սպեկտր» ֆիլմի Writing’s On The Wall սաունդթրեքի համար:























