Google-ի ինքնակառավարվող մեքենան առաջին անգամ հայտնվել է վթարի մեջ
Google ընկերության ստեղծած ինքնակառավարվող ավտոմեքենան փորձարկումների ընթացքում առաջին անգամ հայտնվել է վթարի մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ինչպես հայտնել են ընկերությունից՝ մեքենան փորձարկման ժամանակ բախվել է ավտոբուսի: Միջադեպի հետևանքով վիրավորներ չկան: Վնասվել է մեքենայի կողային հատվածը և երթևեկության սենսորներից մեկը:
Ընկերության տվյալներով՝ բախման պահին մեքենան երթևեկել է ժամում մոտ 3 կիլոմետր արագությամբ, իսկ ավտոբուսը՝ ժամում մոտ 20 կիլոմետր արագությամբ: Վթարի պատճառը դարձել է համակարգչի սխալը, որը որոշել է, որ ավտոբուսը նրան առաջ կթողնի։
Ընկերությունն ընդունել է տեղի ունեցածի համար իր պատասխանատվությունը և խոստացել է ինքնակառավարվող ավտոմեքենայի ծրագրային ապահովման մեջ փոփոխություններ մտցնել, որոնք պետք է կանխեն նման սխալները համակարգչի կողմից։
Ինքնակառավարվող ավտոմեքենան ստեղծվել է Lexus RX450-ի հիման վրա: Այն փորձարկում է անցնում Կալիֆոռնիայում:










