Bentley Mulsanne-ը վերածվել է 6 տեղանոց լիմուզինի (լուսանկարներ)
Bentley և Mulliner ընկերությունները կառուցել են Mulsanne նորացված մոդելի ամենաշքեղ տարբերակը, որն ստացել է Grand Limousine անվանումը: Motor.ru-ի փոխանցմամբ` 6 տեղանոց սրահով նորույթի պրեմիերան կայացել է Ժնևի ավտոսրահում, որը մեկնարկել է մարտի 1-ին:
Լիմուզինը 1 մետրով ավելի երկար է ստանդարտ մոդելից: Սրահի հետևի մասի առանձնացված նստելատեղերն այնպես են դասավորվել, որ ուղևորները նստեն միմյանց դեմ-դիմաց:
Վարորդի խցիկն ու ուղևորների սրահը բաժանում է էլեկտրաքրոմային smart ապակին, որը կարող է թափանցիկ լինել կամ մգեցվել կոճակի սեղմումով: Վարորդի հետ շփումը տեղի է ունենում ուղիղ կապի ներքին համակարգով:
Յուրաքանչյուր նստելատեղ անհատական ծալովի սեղան ունի, ինչպես նաև լիցքավորման կայան պլանշետների համար: Սրահում նաև խմիչքների սառեցման հարմարանք կա:
Bentley Mulsanne Grand Limousine մոդելի ուժային համակարգի մասին պաշտոնական տվյալներ չեն հաղորդվում: Ստանդարտ մոդելն ու երկարացված տարբերակը համալրված են 6.75 լիտր ծավալային երկտուրբո շարժիչով, որը 512 ձիաուժ հզորություն է զարգացնում: Շարժիչն աշխատում է 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով:















