Չինացիները 1044 ձիաուժ հզորությամբ հիպերքար են ստեղծել, որը 100 կմ/ժամ-ը հաղթահարում է 2.5 վայրկյանում (լուսանկարներ)
TechRules չինական ընկերությունը Ժնևի ավտոսրահում ներկայացրել է TREV (Turbine-Recharging Electric Vehicle) «տուրբոէլեկտրական» հիպերքարի նախատիպը, որը զինված է 1044 ձիաուժ զարգացնող ուժային համակարգով:
Նորույթը ներկայացվել է երկու տարբերակով` մրցարշավային AT96 (Aviation Turbine) և ճանապարհային GT96 (Gas Turbine): Սուպերքարում միկրո տուրբոգեներատորի հատուկ համակարգ են կիրառել, որն էլեկտրաէներգիա է ստեղծում լիթիում-իոնային մարտկոցները վերալիցքավորելու համար:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն` մարտկոցները 6 էլեկտրաշարժիչ են սնում, որոնցից մեկական ագրեգատ տեղադրել են առջևի անիվներում, ևս 2-ական` հետևի անիվներում: Ընդհանուր հզորությունը կազմում է 1044 ձիաուժ:
AT96-ի միկրոտուրբինը կարող է աշխատել ավիացիոն կերոինով, դիզելով կամ բենզինով, իսկ GT96-ը հարմարեցված է գազով կամ կենսագազով աշխատելուն:
Միայն էլեկտրական ուժով մեքենան կարող է անցնել 150 կմ, իսկ ամբողջությամբ լիցքավորված բաքով, որի տարողությունը 80 լիտր է, 1930 կմ: 100 կմ/ժամ-ը մեքենան զարգացնում է 2.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 350 կմ/ժամ է:














