Google-ի նախկին գլխավոր տնօրենը կգլխավորի Պենտագոնի նորարարությունների հարցերով խորհուրդը
Ամերիկյան Google ընկերության նախկին գլխավոր տնօրեն և Alphabet մայր ընկերության նախագահ Էրիկ Շմիդտն աշխատանքի է անցել ԱՄՆ ռազմական գերատեսչությունում, գրում է lenta.ru-ն։
Գերատեսչության ղեկավար Էշթոն Քարտերը չորեքշաբթի օրը՝ մարտի 2-ին, Շմիդտին նշանակել է պաշտպանական նորարարությունների հարցով նոր խորհրդատվական խորհրդի ղեկավար։
Ընդհանուր առմամբ, խմբում լինելու է մինչև 12 մարդ, որոնք ներկայացնելու են խոշոր մասնավոր ընկերություններ և հանրային կազմակերպություններ:
Ենթադրվում է, որ խորհրդի անդամները Պենտագոնին տեղյակ են պահելու վերջին բարձրտեխնոլոգիական գաղափարների մասին և օգնելու են աշխատակիցներին նորարարություններ կիրառել իրենց գործունեության մեջ:
Միևնույն ժամանակ, Շմիդտի խումբը չի ունենա ռազմական գործողությունների ռազմավարության մասին տեղեկություններին հասանելիություն։
Շմիդտը եղել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ակտիվ աջակիցն ու վստահված անձը պաշտոնավարման սկզբում, սակայն վերջին տարիներին նրանց հարաբերությունները բարդացել են, հայտնում է լրատվամիջոցը։










