Մեծ ուրախությունն ու հուզմունքը վնասակար են սրտի համար. գիտնականներ
Զգացմունքային ցնցումը, որն ուղեկցում է կրծքավանդակի ցավով և շնչառության դժվարացմամբ, կարող է դրսևորվել ոչ միայն վախի և վշտի ժամանակ, այլ նաև ուրախության պահերին:
Ինչպես հայտնում է BBC-ն` շվեյցարացի գիտնականները նախազգուշացնում են, որ մարդու մոտ կարդիոմիոպաթիայի ախտանշանների առաջացումը պայմանավորված է սթրեսով, երբ սրտի ձախ փորոքի վերին մասի գնդաձև ընդլայնում է տեղի ունենում:
Այն անվանում են նաև «կոտրված սրտի համախտանիշ», սակայն Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 20 դեպքից մեկի պարագայում այս խանգարումն առաջանում է շատ ուրախանալու պատճառով:
Սովորաբար, այդ էմոցիոնալ վիճակը երկար չի տևում: Տարեց խմբի 1750 հիվանդների հետազոտելով` գիտնականները պարզել են, որ սրտի խնդիրներն առաջացել են ծննդյան տոնակատարության, որդու հարսանիքի, 50 տարի անց ընկերոջ հետ հանդիպման, թոռան ծնվելու, խաղատանը տարած հաղթանակի և այլ ուրախ լուրերի հետևանքով:
Հետազոտության համաձայն` ամենից շատ դաշտանադադարի անցած կանայք են «ուրախությունից սթրեսի» ենթարկվում:










