ՀԴԲ-ի և Apple-ի միջև դատական վեճը կարող է հետևանքներ ունենալ աշխարհում մարդու իրավունքների ոլորտի վրա. ՄԱԿ
Ամերիկյան հետաքննությունների դաշնային բյուրոյի և Apple ընկերության միջև դատական վեճը կարող է բացասական հետևանքներ ունենալ աշխարհում մարդու իրավունքների ոլորտի վրա։ Նման նախազգուշացմամբ է Ժնևում հանդես եկել մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը, ով կոչ է արել ԱՄՆ իշխանություններին այդ հարցում գործել «մեծ զգուշությամբ», հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Իշխանությունները Պանդորայի արկղը բացելու ռիսկի են դիմում, ինչը կարող է ունենալ բացառապես ավերիչ ազդեցություն միլիոնավոր մարդկանց վրա, այդ թվում՝ նրանց ֆիզիկական և ֆինանսական անվտանգության վրա»,- ընդգծել է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը:
Նրա կարծիքով՝ այդ գործը «դուրս է գալիս ամերիկյան դատարանների որոշումների շրջանակից»։ Այդ առնչությամբ Ալ-Հուսեյնը կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին գնահատել «ազդեցության ավելի լայն պոտենցիալը», որն ունի այդ դատական գործը:
Այդ գործը վերաբերում է ոչ թե «հանցագործներին պաշտպանող ընկերություններին», այլ այն հարցին, թե «որտեղ պետք է անցնի կարմիր գիծը, որն անհրաժեշտ է մեզ բոլորիս հանցագործներից և բռնաճնշումներից պաշտպանելու համար»։ Խոսքն «առանձին վերցրած երկրում առանձին վերցրած ընկերության մասին չէ», այլ «թվային աշխարհում մարդու ապագա անվտանգության» վրա մեծ ազդեցության մասին:
«Դա կարող է պոտենցիալ նվեր դառնալ ավտորիտար ռեժիմների, ինչպես նաև հանցագործ հաքերների համար»,- հավելել է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը:
Հիշեցնենք, որ Կալիֆորնիայի դատարանը վճռել է, որ Apple ընկերությունը պետք է օգնի Հետաքննությունների դաշնային բյուրոյին կոտրել Սան Բերնարդինոյի երկու ահաբեկիչներից մեկի iPhone-ը։ Apple-ը հայտարարել է, որ կհակառակվի որոշմանը։










