Facebook-ը գնել է MSQRD բելառուսական ստարտափը
Facebook սոցիալական ցանցը գնել է բելառուսական Masquerade (MSQRD) ստարտափը, որը թույլ է տալիս սմարթֆոնում տեսանյութերի վրա տեղադրել ծիծաղելի դիմակ-ֆիլտրեր: Գործարքի արժեքը չի հաղորդվում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Այժմ մենք կարող ենք մեր տեխնոլոգիան տրամադրել Facebook-ի ողջ լսարանին, որը հաշվարկվոմ է 1,6 միլիարդ մարդ: Նման լսարան մենք անգամ չէինք էլ կարող պատկերացնել»,- ասված է MSQRD-ի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ մինչ Facebook-ը զբաղված է MSQRD տեխնոլոգիաների ինտեգրմամբ, բելառուսական ընկերության հավելվածը կշարունակի իր գոյությունն առանձին ծառայության տեսքով:
MSQRD-ի հիմնադիրներ Եվգենի Նևգենը, Սերգեյ Գոնչարը և Եվգենի Զատեպյակինն աշխատանքի կանցնեն Facebook-ի լոնդոնյան գրասենյակում:
MSQRD հավելվածը հայտնվել է 2015 թվականի դեկտեմբերին: Փետրվարի վերջին օգտատերերի թիվը հասել է 10 միլիոնի:
«Հավելվածն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհի ավելի քան 60 երկրների App Store-ում և ամենահայտնի հավելվածն է ԱՄՆ-ի App Store-ում՝ ներառվելով ընդհանուր վարկանշային ցանկի առաջատարների եռյակում»,- փետրվարի վերջին պատմել էին ծրագրի ստեղծողները:










