Apple-ը կարող է մարտի 21-ի շնորհանդեսին նոր iPhone ներկայացնել
Apple Inc-ը հինգշաբթի օրը հրավերներ է ուղարկել լրագրողներին Կուպերտինոյում գտնվող ընկերության գրասենյակում մարտի 21-ին նախատեսվող միջոցառման համար, որի ժամանակ կներկայացվեն նոր սարքեր, հայտնում է Reuters-ի ռուսական ծառայությունը:
Տեխնոլոգիական հսկան, ինչպես սպասվում է, ցույց կտա iPhone-ի և iPad-ի նոր մոդելները։
Ուոլ սթրիթի որոշ վերլուծաբանների կարծիքով՝ միջոցառմանն ընկերությունը կներկայացնի iPhone-ի փոքր չափի մոդել՝ 2014 թվականին մեծ էկրաններով iPhone 6-ի և 6 Plus-ի թողարկումից հետո:
Apple-ի բաժնետոմսերն աճում են վերջին երկու շաբաթներին, քանի որ շուկան սպասում է, որ ընկերությունն առավել բյուջետային iPhone կթողարկի՝ զարգացող երկրներում, մասնավորապես՝ Չինաստանում վաճառքները մեծացնելու համար:
Տեխնոլոգիական հսկան շեշտը դնում է Չինաստանի վրա, քանի որ ամերիկացի սպառողները սկսել են իրենց սարքերը հազվադեպ թարմացնել:










