Տառասխալի պատճառով հաքերները չեն կարողացել բանկից 1 մլրդ դոլար գողանալ

11:08 • 11.03.16

Նյու Յորքի դաշնային պահուստային բանկը բացահայտել է, որ հաքերների խմբի կողմից «foundation» բառում թույլ տված տառասխալն օգնել է կանխել 1 մլրդ դոլարի գողությունը:

 

Ինչպես հայտնում է The Guardian-ը, հաքերները տվյալ բառի փոխարեն գրել են «fandation», ինչը, բնականաբար, թույլ չի տվել նրանց շարունակել բանկային հաշիվներից փողերի ապօրինի փոխանցման գործընթացը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հաքերներն իրենց օպերացիան ցանկացել են իրագործել Նյու Յորքի դաշնային պահուստային ու Բանգլադեշի կենտրոնական բանկերի միջոցով։ Այնուհանդերձ, նրանց հաջողվել է գողանալ 80 մլն դոլարի գումար:

 

Նշվում է, որ հաքերները կոտրել են Բանգլադեշի կենտրոնական բանկի համակարգն ու գողացել գումարների փոխանցման համար լիազորագրերը: Այնուհետև նրանք գրոհել են Նյու Յորքի բանկն ու մոտ 30 դիմում ուղարկել Բանգլադեշի կենտրոնական բանկից` գումարը Ֆիլիպիններում ու Շրի Լանկայում գտնվող իրենց հաշիվներին փոխանցելու համար:

 

80 մլն դոլար Ֆիլիպիններ ուղարկելու հարցումն ընդունվել է, իսկ Շրի Լանկայի դեպքում խնդիրներ են առաջացել: Հաքերները կեղծ հիմնադրամի անունը գրելիս տառասխալ են թույլ տվել, ինչից հետո գործարքն իրականացնող բանկը հարցում է ուղարկել Բանգլադեշի կենտրոնական բանկ, որն էլ իր հերթին կասեցրել է գործարքն ու, այդպիսով, կանխել 1 մլրդ դոլարի կորուստը:

 

Տառասխալի պատճառով հաքերները չեն կարողացել բանկից 1 մլրդ դոլար գողանալ