ԱՄՆ-ի իշխանությունների և Apple-ի միջև վեճն անխուսափելիորեն կանդրադառնա նաև այլ երկրների վրա. Բիլ Գեյթս
ԱՄՆ-ի արդարադատության նախարարության և Apple ընկերության միջև վեճը, որը կապված է ահաբեկչի սմարթֆոնի կոտրման հետ, դա դեռ սկիզբն է, որին անխուսափելիորեն կմիանան Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ պետություններ։ Այդ քննարկմանը չմասնակցել չեն կարող պետական կառույցները և հատուկ ծառայությունները: Նման կարծիք է հայտնել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը` պատասխանելով Reddit լրատվական ռեսուրսի օգտատերերի հարցերին:
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը խուսափել է ուղիղ պատասխան տալ այն հարցին` ի՞նչ կձեռնարկեր ինքը` լինելով Apple-ի փոխարեն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Անհրաժեշտ է առաջարկել ընդհանուր պլան` ինչպես հետևել «ոսկե միջինին»` որոշ բաներ իմանալու պետության հնարավորության և այն միջոցների ապահովման միջև, որպեսզի այդ լիազորությունները դուրս չգան համապատասխան գործերի շրջանակից: Այդ քննարկումից խուսափել չի կարելի, իշխանությունները կարող են իրենց լուման ներդնել «ոսկե միջինի» որոշման մեջ»,- նշել է Գեյթսը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի դատարանը վճռել է, որ Apple-ի ներկայացուցիչները պետք է օգնեն Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչներին շրջանցել անվտանգության միջոցները և ստանալ ահաբեկիչ Սաիդ Ֆարուքի հեռախոսի հաղորդագրությունների հասանելիությունը։
Քննիչները վստահ են, որ հեռախոսում չափազանց կարևոր տեղեկություններ կան, իսկ այն պաշտպանված է գաղտնաբառով: Տասն անգամ սխալ գաղտնաբառ հավաքելու դեպքում հեռախոսը մեխանիկորեն ջնջում է ողջ տեղեկությունը:
Apple-ի ղեկավար Թիմ Քուքը, սակայն, հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է վիճարկել ամերիկյան դատարանի որոշումը։










