Խոշոր պայթյուն Անկարայում. զոհվել է 27, վիրավորվել 75 մարդ (թարմացված)
Անկարայում խոշոր պայթյունի հետևանքով 27 մարդ է զոհվել, ևս 75-ը վիրավորվել է։
23.15
Անկարայի պայթյունից հետո Էրդողանը խոսել է ՆԳ նախարարի հետ, Դավութօղլուն՝ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Թուրքական Sozcu պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն հատուկ ծառայությունները օրեր առաջ նախազգուշացրել էին Անկարայում հնարավոր ահաբեկչության սպառնալիքի մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում տեղի ունեցած խոշոր պայթյունից հետո հեռախոսազրույց է ունեցել երկրի ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի հետ: Նա տեղեկություններ է ստացել պայթյունի հետևանքով զոհերի ու վիրավորների մասին:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր հերթին հանդիպում է ունեցել նախարարների ևա նվտանգության ոլորտի պաշտոնյաների հետ:
Կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Դավութօղլուն Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրելու, որին մասնակցելու են պատկան մարմինների ներկայացուցիչները:






22.28
Անկարայում պայթյունի հետևանքով 27 մարդ է զոհվել, ևս 75-ը վիրավորվել են։ Ինչպես հայտնում է Meduza-ն, այս մասին հաղորդել են քաղաքային իշխանությունները։ Պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսների կայանատեղիում։
21.31
Անկարայի կենտրոնական Քըզըլայ շրջանում այսօր երեկոյան տեղի ժամանակով 18:30-ի սահմաններում խոշոր պայթյուն է տեղի ունեցել:
Դեպի վայրում շտապօգնության բազմաթիվ մեքենաներ են աշխատում: Հաղորդվում է բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, լուրջ վնաս են կրել հարակից շենքերը, տասնյակ ավտոմեքենաներ ջարդոնի են վերածվել:
Ենթադրաբար տեղի ունեցածն ահաբեկչություն է և պայթեցվել է ականապատ մեքենա, որը նման է եղել նախորդ ահաբեկչության ժամանակ պայթեցվածին:
Կրկնակի ահաբեկչության սպառնալիքի պատճառով ոստիկանությունը դատարկում է տարածքը: Միջադեպի ընթացքում ամբողջությամբ այրվել է նախարարություններին պատկանող մի ավտոբուս: Զոհերի ու վիրավորների ստույգ թիվը չի հաղորդվում:
Թուրքական Sozcu պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն հատուկ ծառայությունները օրեր առաջ նախազգուշացրել էին Անկարայում հնարավոր ահաբեկչության սպառնալիքի մասին:














