Veteran Avia ընկերությունը ոչ թե զենք է տեղափոխել Լիբիա, այլ հումանիտար բեռ. պնդում է այլևս չգործող ավիաընկերության ղեկավարը

20:36 • 14.03.16

Հայաստանում գրանցված Veteran Avia ընկերության ինքնաթիռը ոչ թե զենք-զինամթերք է տեղափոխել Լիբիա, այլ հումանիտար բեռներ: Այս մասին Tert.am-ին հայտնեց (այլևս չգործող)  ընկերության տնօրեն Արտաշես Գևորգյանը:

 

«Այնտեղ զենք-զինամթերք չի եղել,  եղել է հումանիտար օգնություն: Այն էլ ասեմ, որ ընկերությունն արդեն մեկ տարուց ավել է՝ չի գործում, լիցենզիան էլ հանձնել ենք»,-ասաց Արտաշես Գևորգյանը:

 

Ինչպես հաղորդում է «Առավոտ»-ը ` ՄԱԿ-ի զեկույցում նշված է, որ ուսումնասիրվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում գրանցված Veteran Avia ընկերության կողմից իրականացված չվերթը, և ավիաընկերությունը կասկածվում է Արաբական Միացյալ Էմիրություններից երրորդ երկրի՝ Հորդանանի վրայով Լիբիայի Տոբրուկի ռեժիմին զենք ու զինամթերք  մատակարարելու համար:

 

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ այս մանրամասները հայտնել է իրավիճակին ծանոթ ՄԱԿ-ի պաշտոնյան և հաղորդվում է, որ Անվտանգության խորհուրդը հիմա ուսումնասիրում է զեկույցի փաստերն ու ապացույցները՝ որոշելու համար, թե ինչ գործողությունների դիմի էմբարգոն խախտած երկրների կամ անհատների դեմ:
 

«Մենք էլ ասում ենք, որ այդ ինֆորմացիան սխալ է, այնտեղ տարվել է հումանիտար օգնություն: Մեզ այդ մասին ամիսներ առաջ հարցրել են, մենք պատասխանել ենք»,-ասաց ընկերության ղեկավարն ու չմանրամասնեց, թե ինչ կառույցի կողմից է նման հարց բարձրացվել` իրավապահների, քաղավիացիոն ոլորտի, թե՞ այլ:

 

Հաղորդվել էր նաև, որ Veteran Avia բեռնափոխադրող ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին, գրանցման հասցեն է՝ Երևան, Բաղրամյան պողոտա 64:

 

Ընկերության նախկին տնօրենը նշեց, որ հասցեն ևս սխալ է նշված, ոչ թե Բաղրամյան 64, այլ Վաղարշյան 18:
 

 

Veteran Avia ընկերությունը ոչ թե զենք է տեղափոխել Լիբիա, այլ հումանիտար բեռ. պնդում է այլևս չգործող ավիաընկերության ղեկավարը