Google-ը և Facebook-ը կուժեղացնեն տվյալների կոդավորումը
Google, Facebook և Snapchat տեխնոլոգիական կորպորացիաները պատրաստվում են ուժեղացնել իրենց օգտատերերի տվյալների կոդավորումը Սան Բերնարդինոյի ահաբեկչի Apple սմարթֆոնը կոտրելու հետ կապված սկանդալի ֆոնին, հաղորդում է The Guardian-ը:
Մի քանի շաբաթվա ընթացքում Facebook-ը պատրաստվում է ընդլայնել ընկերությանը պատկանող WhatsApp մեսենջերի տվյալների փոխանակման անվտանգության գործառույթները և ծառայության ներսում ձայնային զանգերի համար կոդավորման տեխնոլոգիա ներդնել: Facebook-ը նաև դիտարկում է Facebook Messenger-ում անվտանգությունն ուժեղացնելու հնարավորությունը:
Snapchat մեսենջերը նույնպես աշխատում է հաղորդագրությունների փոխանակման պաշտպանված համակարգի վրա, իսկ Google-ը դիտարկում է էլեկտրոնային փոստի անվտանգությունն ուժեղացնելու հնարավորությունը:
Փետրվարի վերջին CNN հեռուստաալիքը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնել էր, որ Apple-ը մշակում է նոր համակարգ, որի դեպքում սմարթֆոնների պաշտպանության համակարգը չեն կարողանա կոտրել անգամ ընկերության մասնագետները: Apple-ը մտադիր է ստեղծել այդ համակարգն առաջիկա ամիսների ընթացքում:
Կալիֆոռնիայի դատարանը փետրվարի 16-ին պահանջել էր Apple-ից ՀԴԲ-ին տրամադրել հատուկ ծրագրային ապահովում, որը թույլ կտա իրենց ստանալ Սան Բերնարդինոյի ահաբեկիչներից մեկի հեռախոսում պահվող տեղեկության հասանելիությունը: Սարքը պատկանել է ահաբեկիչ Սաիդ Ֆարուքին, ով մասնակցել է Սան Բերնարդինոյում հաշմանդամների կենտրոնի վրա հարձակմանը:










