Իսրայելի բնակչուհին 2.000-ամյա հազվագյուտ ոսկյա մետաղադրամ է գտել (լուսանկարներ)
Իսրայելի բնակչուհի Լորի Ռիմոնը երկրի հյուսիսային հատվածում ընկերների հետ քայլարշավի ընթացքում թանկարժեք իր է գտել։
Ինչպես նշում է The Times of Israel-ը, կինը գտել է 2.000 տարվա պատմություն ունեցող հռոմեական ոսկյա մետաղադրամ, որի վրա հատված է Օգոստոս կայսեր կիսադեմը:
Հետաքրքրական է, որ նախքան այս՝ ամբողջ աշխարհում այս մետաղադրամից հայտնաբերվել էր ընդամենը մեկ օրինակ, որն այժմ պահվում է Լոնդոնի հանրահռչակ Բրիտանական թանգարանում: Այդ իսկ պատճառով կնոջ գտածոն այսքան նշանակալի է:
Նորահայտ մետաղադրամն ուսումնասիրելուց հետո հնագետները պատմել են, որ այն հատվել է Տրայանոս կայսեր կառավարման օրոք: Դրա վրա պատկերված են նաև հռոմեական լեգիոնի խորհրդանիշները:
«Այս մետաղադրամով Տրայանոսը հարգանքի տուրք է մատուցել իրեն նախորդած Օգոստոս կայսերը»,-մանրամասնել է հնագետ Դենի Սիոնը:













