Սննդի, հանդերձանքի, դեղորայքի գնման և տնօրինման գործընթացներում ՔԿՀ-ներում խնդիրներ կան. ՀԿ
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում քրեակատարողական հիմնարկներում կամ ազատազրկված անձանց պահման գործընթացի ժամանակ առկա է պետական բյուջեի՝ որպես քաղաքականության փաստաթուղթ և դրանից բխող կառավարման ոչ արդյունավետ համակարգ:
Այս մասին այսօր «Մարդու իրավունքների բյուջետավորումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» զեկույցի շնորհանդես-քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը:
«Կառավարման ոչ արդյունավետ համակարգը հանգեցնում է նրան, որ ազատազրկված անձանց իրավունքները խախտվում են»,- ասաց Հայկուհի Հարությունյանը:
Նշենք, որ ՀԿ-ն 2015 թվականին հետազոտություն է իրականացրել, որի նպատակն է եղել գնահատել ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը պետության կողմից մշակվող և իրականացվող քաղաքականության արդյունավետության և դրան համապատասխան ֆինանսական հատկացումների տեսանկյունից:
Ըստ Հայկուհի Հարությունյանի՝ իրենց նպատակն է վեր հանել անարդյունավետ կառավարման խնդիրը, իրավասու անձանց հետ քննարկումներ ծավալելու միջոցով հասնել նրան, որ պահպանվեն միջազգային պարտավորությունները, ինչպես նաև ազատազրկված անձանց իրավունքները պաշտպանվեն ողջ ծավալով:
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են այն բոլոր փաստաթղթերը, որոնցում առկա են քրեակատարողական հիմնարկների ֆինանսավորման վերաբերյալ տեղեկություններ:
«Առանձնապես աչքի են ընկնում ապրանքների, մասնավորապես սննդի, հանդերձանքի, դեղորայքի գնման և տնօրինման գործընթացներում խնդիրները»,- հաղորդեց Հայկուհի Հարությունյանը՝ ընդգծելով, որ սննդի համար Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ստանդարտները ներպետական օրենսդրության մեջ համարժեքորեն ապահովված չեն, այսինքն՝ պետական բյուջեի հատկացումներն ի սկզբանե անում են ոչ այդ ստանդարտներին համապատասխան:
Նա նշեց, որ խնդիրներ են առաջանում նաև գնումների գործընթացում. «Բացահայտվել է, որ գնումների գործընթացում իրականացվում է մի շարք ապրանքների ձեռքբերում, որի նկատմամբ որակական հսկողություն չի գործում: Բացի այդ, այն չափաբաժինը, որ պետք է ստանա ազատազրկված անձը՝ ըստ սահմանված չափորոշիչի, վերջնական արդյունքում ստացած չափաբաժինը չի համապատասխանում իրար»:
Հայկուհի Հարությունյանն ասաց նաև, որ որակական և քանակական առումով խնդիրներ են հայտնաբերել հացամթերքի, մսի, հյութի, յուղի և մնացած այլ ապրանքատեսակներում:
«Բացի այդ, ճաշացանկում նշված են լինում որոշակի մթերքների անուններ, որոնք, ազատազրկված անձանց խոսքով, տարվա ընթացքում ընդհանրապես չեն ստացել կամ շատ քիչ: Իրավական փաստաթուղթը սահմանում է՝ թարմ միս, որքան և ինչ հաճախականությամբ պետք է տրվի: Բյուջեն դիտարկում ենք և պարզում, որ բյուջեով հատկացված գումարը բավական է միայն մսի պահածո ձեռք բերելուն: Նույնը նաև թարմ ձկի մասին: Նույնիսկ այս պարագայում քանակը չի պահպանվում»,- ասաց նա:










