Instagram-ը լրահոսը կկազմի` հիմնվելով օգտատիրոջ նախասիրությունների վրա

12:22 • 16.03.16

Հանրահայտ Instagram ֆոտոծառայությունը փորձարկում է նոր ալգորիթմ, որը թույլ կտա յուրաքանչյուր օգտատիրոջ լրահոսը կազմել` ելնելով նրա նախասիրություններից։

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, օգտատերերն Instagram-ի լրահոսում սկզբում կտեսնեն իրենց հետաքրքրությունների շրջանակում գտնվող թեմաների ու անձանց վերաբերյալ լուսանկարներն ու տեսանյութերը: Այսպիսով՝ Instagram-ը կհետևի Facebook սոցկայքի օրինակին, որը ներկայում իր օգտատերերի լրահոսը կազմում է նույն ալգորիթմի հիման վրա:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում Instagram-ի օգտատերերը լրահոսին ծանոթանում են ժամանակագրական կարգով, այլ ոչ թե սեփական նախասիրությունների համաձայն:

 

«Մեր նպատակն է օգտատերերի ժամանցն Instagram-ում հնարավորինս հաճելի ու օգտակար դարձնելը»,- նշել է ընկերության համահիմնադիր ու գործադիր նախագահ Քևին Սիստրոմը:
 

Instagram-ը լրահոսը կկազմի` հիմնվելով օգտատիրոջ նախասիրությունների վրա