Apple-ի աշխատակիցները պատրաստ են ազատվել աշխատանքից՝ ահաբեկչի հեռախոսը չկոտրելու համար
Apple կորպորացիայի աշխատակիցները քննարկում են աշխատանքից ազատվելու տարբերակն այն դեպքում, եթե Հետաքննությունների դաշնային բյուրոն հաղթի Սան Բերնարդինոյի ահաբեկչի հեռախոսի վերաբերյալ գործում և ստիպի ընկերությանը կոտրել iPhone-ը: Այդ մասին գրում է The New York Times-ը:
Թերթը նշում է, որ խոսել է բջջային սարքերի ստեղծման և անվտանգության գծով Apple-ի ինժեներների, ինչպես նաև մի շարք նախկին աշխատակիցների հետ: Որոշ մարդիկ պնդում են, որ նրանք կդիմադրեն, մինչդեռ մյուսները պատրաստ են դուրս գալ բարձր վարձատրվող աշխատանքից, որպեսզի պահպանեն ծրագրային ապահովման անվտանգությունը:
«Նման կոչն ինքնին վիրավորական է Apple ընկերության աշխատանքի հիմնարար սկզբունքների համար և լուրջ վտանգ կներկայացնի ընկերության և դրա ինժեներների անկախության հարցում»,- կարծում են ընկերության փաստաբանները:
Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայի դատարանը փետրվարի 16-ին պահանջել էր Apple-ից ՀԴԲ-ին տրամադրել հատուկ ծրագրային ապահովում, որը թույլ կտա իրենց ստանալ Սան Բերնարդինոյի ահաբեկիչներից մեկի հեռախոսում պահվող տեղեկության հասանելիությունը: Սարքը պատկանել է ահաբեկիչ Սաիդ Ֆարուքին, ով մասնակցել է Սան Բերնարդինոյում հաշմանդամների կենտրոնի վրա հարձակմանը:










