Ֆինանսավորում են ցանկացած «խելոք» ծրագիր. Սամվել Հարությունյանը գիտական ոլորտի գերակա ուղղությունների ու ծրագրերի մասին
2015-2019թթ․ գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրում սահմանվել է գերակա վեց ուղղություն։ Այս մասին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ծրագրին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։
Խոսքը հայագիտություն, արդյունավետ և անվտանգ էներգետիկա, հիմնական արդյունավետ տեխնոլոգիաներ, ՏՏ ոլորտ, խնայողական բնօգտագործում, գիտատեխնիկական ոլորտների և սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված հետազոտությունների մասին է։
Ի դեպ, կառույցը գործում է 2007թ.-ից ու այն ժամանակ ԿԳ նախարարը գործող նախարար Լևոն Մկրչտյանն էր։
Նա նշեց, որ կոմիտեի պետական ֆինանսավորումն իրականացվում է երեք հիմնական ուղղություններով. բազային՝ 70,5 տոկոս ֆինանսավորմամբ, ըստ որի ֆինանսավորվում են պետական, գիտական կազմակերպություններ և բուհեր, նպատակային ֆինանսավորում և թեմատիկ ֆինանսավորում։
Նշեց, որ թեմատիկ ֆինանսավորման ժամանակ ֆինանսավորվում են հետազոտական խմբեր, անհատ հետազոտողներ և ասպիրանտներ: 2015թ-ի դրությամբ ֆինանսավորվում է 159 թեմա, 13 կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված թեմա, 29 երիտասարդ գիտնականի, 23 անհատական ասպիրանտական ծրագիր, 6 երկկողմ ծրագիր, 5 ծրագիր «CANDL» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի գծային արագացուցչի վրա իրականացվող, 5 ծրագիր Շիրակի մարզի կազմակերպությունների համար իրականացվող և բարձր արդյունավետությամբ աշխատող 97 գիտաշխատողի հավելավճարի տրամադրման ծրագիր:
Ընթացիկ ծրագրերում ներառված են կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված խորագրեր, ֆինանսավորումը՝ 30 մլն դրամ, երիտասարդ հետազոտողների ներգրավվածությանն ուղղված ծրագրեր, որին տրամադրվել է մինչև 100 միլիոն դրամ պետական բյուջեից, գիտական ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր՝ ֆինանսավորումը 65 մլն դրամ, և բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականներին հավելավճարի տրամադրման ծրագիր՝ 162 մլն դրամ ֆինանսավորմամբ: Լայնամասշտաբ ծրագրերն են Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան և «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը:
Սամվել Հարությունյանի խոսքով՝ իրենք ֆինանսավորում են ցանկացած «խելոք» ծրագիր։










