ՀԴԲ-ն կարող է գտած լինել iPhone-ն առանց Apple-ի օգնության կոտրելու տարբերակը
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ), որը դատական հայց էր ներկայացրել Apple տեխնոլոգիական ընկերության դեմ` պահանջելով ապակոդավորել Սան Բերնարդինոյի ահաբեկիչներից մեկի՝ Սայեդ Ֆարուքի iPhone-ը, չեղարկել է վերջին դատական նիստը։
Ինչպես նշում է The Guardian-ը, դատական նիստի չեղարկումը կարող է վկայել այն մասին, որ դաշնային իշխանություններն ահաբեկչին պատկանած iPhone-ն առանց Apple-ի միջամտության ապակոդավորելու տարբերակ են գտել:
Վերջին դատական նիստի չեղարկումից հետո դատարանը մինչ ապրիլի 5-ը ժամանակ է տվել ՀԴԲ-ին` որոշելու համար՝ հայցի շուրջ դատական գործը շարունակել, թե ոչ:
Հայտնի է, որ Apple-ը և ՀԴԲ-ն հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ այս պնդման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն Apple-ից պահանջել էր ապակոդավորել Սան Բերնարդինոյի հրաձիգի` 14 մարդու սպանած Սայեդ Ֆարուքի iPhone-ը` ահաբեկչի կապերի վերաբերյալ համապատասխան տվյալներ ստանալու նպատակով: Սակայն Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը հրաժարվել է բավարարել իշխանությունների պահանջը` պարզաբանելով, որ դա ոչ ցանկալի նախադեպ կդառնա ու կվիրավորի iPhone-ի բազում օգտատերերի։










