Կանայք ավելի աստվածապաշտ են, քան տղամարդիկ. հետազոտություն

16:53 • 23.03.16

Pew Research Center կազմակերպությունն աշխարհի տարբեր երկրներում անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզել է, որ իգական սեռի ներկայացուցիչներն ավելի աստվածապաշտ են, քան տղամարդիկ:


Ինչպես նշում է The Guardian-ը, հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ ամբողջ աշխարհում կանանց 83.4 տոկոսն աստվածապաշտ է, մինչդեռ տղամարդկանց պարագայում այդ ցուցանիշը կազմում է 79.9 տոկոս: Աղբյուրը մանրամասնում է, որ տոկոսային հարաբերությունը թվերի վերածելու դեպքում ստացվում է 97 մլն մարդ:

 

Հետազոտության հեղինակները նկատում են, որ ստացված արդյունքները հետաքրքրական են այն առումով, որ աշխարհում հոգևոր առաջնորդների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են,  բազմաթիվ կրոնական խմբերի առաջնորդների պաշտոնը հասանելի է միայն արական սեռի ներկայացուցիչների համար, սակայն հավատացյալների շարքերում գերիշխում են կանայք:

 

Ընդհանուր առմամբ, կրոնի վերաբերյալ գենդերային տվյալներն ուսումնասիրվել են քրիստոնյաների, մուսուլմանների, հրեաների, բուդդիստների ու հինդուիզմի հետևորդների շրջանում: Արդյունքում պարզվել է, որ թվարկված կրոնական ուղղություններում բացարձակ առաջատար են կանայք, միայն մուսուլմանների պարագայում գրանցվել է 50/50 ցուցանիշ։

 

Աշխարհի 84 երկրում անցկացված ուսումնասիրության շրջանակում կանանց ու տղամարդկանց աստվածապաշտության մակարդակը որոշելու համար մասնակիցներին տրվել են հարցեր՝ կապված պատարագների հաճախելիության ու ամենօրյա աղոթքի հաճախականության վերաբերյալ:


Արդյունքում պարզվել է, որ բոլոր կրոնական ուղղությունների ներկայացուցիչ հանդիսացող կանանց մեծամասնությունն օրական առնվազն մեկ անգամ աղոթում է` ի տարբերություն տղամարդկանց:


 

Կանայք ավելի աստվածապաշտ են, քան տղամարդիկ. հետազոտություն