Ֆրանսիան տուգանել է Google-ին «մոռացության իրավունքը» խախտելու համար

14:00 • 25.03.16

AFP

 

Ֆրանսիայի իշխանությունները տուգանել են Google ընկերությանը 100 հազար եվրոյով՝ «մոռացության իրավունքի» մասին եվրոպական օրենքը խախտելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես հայտնել են Տեղեկատվության և ազատության հարցերով ֆրանսիական ազգային հանձնաժողովում, տուգանքը նշանակվել է նրա համար, որ կորպորացիան ամբողջությամբ չի հեռացրել իր որոնողական համակարգերից այն մարդկանց մասին տվյալները, որոնց համապատասխան դիմումները մինչ այդ հաստատել է Ազգային հանձնաժողովը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Եվրոպական դատարանների հրահանգին հետևելով՝ ընկերությունն այդ մարդկանց մասին տվյալներն անտեսանելի է դարձրել այն երկրից որոնման ժամանակ, որտեղ նրանք ապրում են:

 

Ինչպես հայտարարել են հանձնաժողովում, այդ քայլերն ամբողջությամբ չեն բավարարում եվրոպական դատարանների պահանջները:

 

«Ներկայացված դիմումներն ուսումնասիրելուց հետո հանձնաժողովը խնդրել է Google-ին հեռացնել որոշ տվյալներ: Հանձնաժողովը հստակեցրել է, որ տվյալները պետք է հեռացվեն Google-ի որոնողական համակարգից՝ անկախ նրանից, թե ինչ դոմենից է իրականացվում դրանց որոնումը»,- ասված է գերատեսչութան հայտարարությունում:

 

Google-ի ներկայացուցիչ Էլ Վերնին հայտարարել է, որ ընկերությունը «փորձում է ամբողջությամբ հետևել Եվրոպայի տարածքում մոռացության իրավունքի մասին օրնեքին»։

 

«Սակայն մենք սկզբունքորեն համաձայն չենք CNIL-ի պնդման հետ այն մասին, որ այդ գերատեսչությունը լիազորություններ ունի Ֆրանսիայի սահմաններից դուրս օգտատերերին հասանելի բովանդակությունը վերահսկելու հարցում»,- ասել է Վերնին:

 

Ֆրանսիան տուգանել է Google-ին «մոռացության իրավունքը» խախտելու համար