Ավստրալիայի Մեծ արգելախութը տագնապալի արագությամբ «սպիտակում» է (լուսանկարներ)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Մեծ արգելախութը, որը համարվում է բնության ամենագեղեցիկ ու կենսական նշանակություն ունեցող երևույթներից մեկը, սկսել է արագ տեմպերով սպիտակել։
Ինչպես նշում է The Guardian-ը, այս մասին հայտնել է Կուկի համալսարանի պրոֆեսոր Թերի Հյուզը` պատմելով, որ ինքն ուղղաթիռով անցել է արգելախութի մոտ 600 կմ տարածության վրայով ու պարզել, որ 60 տոկոսից ավելին սպիտակել է:
Գիտնականը բացատրել է, որ մարջանի գունազրկումն ուղղակի կապ ունի կլիմայական փոփոխությունների` մասնավորապես «Էլ Նինյո» կոչվող երևույթի հետ:
«Սա երբևէ տեսածս վատագույն դեպքն է` կապված Մեծ արգելախութի սպիտակեցման հետ»,-իր մտահոգություններով կիսվել է մասնագետը: Նրա խոսքով՝ այժմ մարջանի սպիտակեցման գործընթացը գտնվում է վտանգի բարձրագույն մակարդակում:
Աղբյուրը մանրամասնում է, որ սպիտակեցումը տեղի է ունենում, երբ մարջաններն ուժեղ շոգի պատճառով «սթրեսի» են ենթարկվում: Դրանք սպիտակում են, աստիճանաբար կորցնում են իրենց էներգիան ու մահանում են: Իսկ դա ուղղակիորեն սպառնալիքի տակ է դնում բնության հրաշքներից մեկի` Մեծ արգելախութի գոյությունը:















