Եվրոպան ահաբեկչություններից հետո ուժեղացնում է Apple-ի նկատմամբ ճնշումը. The New York Times

14:00 • 28.03.16

Բրյուսելի ահաբեկչություններից հետո եվրոպական իշխանությունները մտադիր են ստիպել Apple-ին և մի շարք այլ ընկերությունների հատուկ ծառայությունների համար հասանելի դարձնել օգտատերերի անձնական տվյալները, գրում է The New York Times-ը։

 

Հաղորդվում է, որ Ֆրանսիայի խորհրդարանն արդեն անցել է այդ օրենքի նախագծի քննարկմանը: Երկրի իշխանությունները կարծում են, որ ահաբեկչությունների կանխման նպատակով անվտանգության մարմինների լիազորությունների ընդլայնման և մասնավոր կյանքի անձեռնմխելիության միջև ընտրություն կատարելիս հարկավոր է ընտրել առաջինը։

 

Ավելին, խորհրդարանականներն առաջարկում են պատժել բարձրտեխնոլոգիական այն ընկերություններին, որոնք հրաժարվում են հետաքննության համար անհրաժեշտ տեղեկություն տրամադրել։ Նրանք առաջարկում են մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկում և 390 հազար դոլարի չափով տուգանք։ Նույն դիրքորոշումն ունի նաև Մեծ Բրիտանիան, գրում է թերթը:

 

Այնուամենայնիվ, թերթը նշում է, որ Եվրամիության ոչ բոլոր երկրներն են դրան համաձայն: Նիդեռլանդներում կարծում են, որ նման օրենքի ընդունման դեպքում ահաբեկիչները կկարողանան օգտվել դրանից՝ իրենց հանցավոր նպատակների համար:

 

Տեխնոլոգիական ընկերությունները միևնույն ժամանակ ջանքեր են գործադրում դրանից խուսափելու համար: Apple-ի ղեկավար Թիմ Քուկը վերջին ժամանակներս հանդիպել է շատ եվրոպացի քաղաքական գործիչների հետ՝ փորձելով ստանալ նրանց վստահությունը:

 

Եվրոպան ահաբեկչություններից հետո ուժեղացնում է Apple-ի նկատմամբ ճնշումը. The New York Times