Սամվել Բաբայանը երեկ է վերադարձել Հայաստան. Գնել Ղլեչյան

18:22 • 23.05.16

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Դաշինք» կուսակցության հիմնադիր Սամվել Բաբայանը երեկ վերադարձել է Երևան:


Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Գնել Ղլեչյանը:


«Այո, Սամվել Բաբայանը երեկ վերադարձել է Երևան՝ մոտ 5 տարի բացակայությունից հետո»,-ասաց Ղլեչյանը՝ հավելելով, թե չի կարող ասել՝ կոնկրետ ինչ նպատակով է Բաբայանը վերադարձել:


Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից հետո ստորագրահավաք էր նախաձեռնվել՝ Սամվել Բաբայանի վերադարձի պահանջով։


Բաց նամակում ասված էր. «Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված իրադարձությունները և դրանցից բխող սպառնալիքները հայ ժողովրդի աննախադեպ միասնություն են պահանջում։


Այս շրջանում անհրաժեշտ է կողք դնել բոլոր ներպալատական խարդավանքները և գործել՝ ելնելով բացառապես հայրենիքի շահերից։ Տարակուսանք է առաջացնում այն, որ ԼՂՀ Ազգային հերոս, Պաշտպանության բանակի հիմնադիր ու առաջին հրամանատար Սամվել Բաբայանի ահռելի փորձառությունն ու հմտություններն այսօր պահանջված չեն հայրենի իշխանությունների կողմից»։


Նշենք, որ Բաբայանը Հայաստանից հեռացել էր հիմնականում ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով: Հաջողվե՞լ է այդ խնդիրները լուծել, թե՞ ոչ՝ չհաջողվեց պարզել: