Ապրիլի իրադարձությունը պատերազմ էր. Արկադի Կարապետյանը համաձայն չէ Սամվել Բաբայանի հետ

15:10 • 02.06.16


 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Արգո) Սամվել Բաբայանի հայտարարությունների հետ կապված իր արձագանքն ավելի ուշ կներկայացնի. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արկադի Կարապետյանը՝ անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերջին հարցազրույցին։

 

Նա նշեց, որ ինքն էլ մտահոգություններ ունի բանակում առկա հիմնախնդիրների հետ կապված, դրանց լուծման սեփական տեսլականը մոտ ապագայում կներկայացնի:


Արկադի Կարապետյանը հավելեց, որ սպասում է՝ որոշ ժամանակ անցնի, տեսնի, թե ինչ է կատարվելու, նոր համապատասխան վերլուծություն անի: 


Դիտարկմանը, որ Սամվել Բաբայանը  հայտարարում է, որ եկել է Արցախի ժողովրդին օգնելու, ԱրկադիԿարապետյանն ասաց. «Դե թող գա, կհանդիպենք, կխոսենք»:
 

Նա Սամվել Բաբայանի հարցազրույցից մեկնաբանեց միայն այն հատվածը, որտեղ խոսք էր գնում, թե ապրիլին տեղի ունեցածը դիվերսիա էր, ոչ թե պատերազմ:

 

«Ինքը լավ գիտի, որ պատերազմը մինչև այսօր չի վերջացել, հիմա էլ է շարունակվում և իր օրոք էլ էր շարունակվում,- ասաց Արկադի Կարապետյանը,-դիվերսիոն գործողությունների ժամանակ հրետանի կամ տանկ չեն օգտագործում»:

 

Մեր զրուցակիցը հաստատեց, որ դա պատերազմ էր, ռազմական տերմինով ասած՝ թեստավորում. «Եթե հաջողությունների հասնեին, կշարունակեին: Թեստավորման ժամանակ, եթե իրենց ուզածը չի ստացվում, ապա վերլուծում են, թե ինչ խնդիրներ ունեն ու անցնում են տրամաբանված գործողությունների»։